27×20. «Հոկտեմբերի 27». Լիտվինենկոն բացահայտեց Հոկտեմբերի 27-ը ու սպանվեց

27×20. «Հոկտեմբերի 27». Լիտվինենկոն բացահայտեց Հոկտեմբերի 27-ը ու սպանվեց

2006-ի աշնանը Պուտինի իշխանության ձեռքերը հասան հեռավոր Լոնդոն, որտեղ քաղաքական ապաստան էր ստացել ռուսական հատուկ ծառայությունների նախկին սպա Ալեքսանդր Լիտվինենկոն, որը կոնկրետ փաստերով մերկացնում էր Պուտինի իշխանության հրեշավոր արարքները, արյունոտ ոճիրները։ ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության նախկին սպա Ալեքսանդր Լիտվինենկոն 2006-ի նոյեմբերի 23-ի գիշերը մահացել է Լոնդոնի հիվանդանոցներից մեկում, որտեղ այդպես էլ չկարողացան հստակորեն նշել, թե ինչ նյութով կամ նյութերով է թունավորվել անվտանգության նախկին աշխատակիցը: Սակայն մինչև մահը Լիտվինենկոն հասցրել էր ուշագրավ հայտարարություն անել նաև Հոկտեմբերի 27-ի հարցով։ Նա հայտարարել է, որ «Հոկտեմբերի 27-ը Ռուսաստանի ձեռքի գործն է»: Լիտվինենկոն ասել էր, որ խորհրդարանի գնդակահարությունը ծրագրել էին ՌԴ հատուկ ծառայությունները, իսկ ավելի կոնկրետ՝ գլխավոր հետախուզական վարչությունը: Այդ հայտարարությանը, բնականաբար, պատասխանել էր Հայաստանում ՌԴ դեսպանությունը, սակայն պատասխանը եղել էր շատ ուշացումով և, ըստ էության, հայաստանյան մամուլի դրդմամբ, ինչն ավելի համոզիչ է դարձրել ռուսաստանցի հետախույզի պնդումները։ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն ուներ երկու հիմնական շահառու․ Նաիրի Հունանյանի հանցախմբի դավադիր կրակոցների հետևանքով Հայաստանում հաստատվեց ռուսական վասալության ռեժիմ, որը դրսևորվեց Ռոբերտ Քոչարյանի ստեղծած քրեաօլիգարխիկ համակարգի դեմքով։ Փաստորեն Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում իր իշխանությունն ամրապնդել է օտար երկրի հատուկ ծառայությունների իրականացրած ահաբեկչական ակտի հետևանքով։ Երկրորդ նախագահի այս արարքը հավասարազոր է պետական դավաճանության և գրեթե անկասկած է, որ նոր Հայաստանը կարող է ռուսական վասալության հետևանքներն ամբողջովին վերացնել միան Հոկտեմբերի 27-ի լիարժեք բացահայտման պարագայում։ Ռոբերտ Քոչարյանն արդեն անցնում է Մարտի 1-ի գործով։ Շատերը կարծում են, որ այս դատավարությունը հեռանկարում կարող է ճանապարհ բացել նաև Հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտման համար։ Նման վարկածն ունի քաղաքական հիմնավորում, որովհետև Հոկտեմբերի 27-ի և Մարտի 1-ի ոճրագործությունները, ըստ էության, համակարգաստեղծ երկու հանցագործություններն են, որոնք ամբողջացնում են քրեաօլիգարխիայի քսանամյա արյունոտ իշխանության ազգադավ հրեշավոր դեմքը։ Մոսկվան առանձնապես մտահոգված չէ Մարտի 1-ի ոճրագործության բացահայտմամբ, որովհետև դրանում ռուսական հետքն այնքան արտահայտիչ չէ, որքան՝ Հոկտեմբերի 27-ի պարագայում։ Սակայն Մարտի 1-ի համատեքստում ռուսական որոշակի շրջանակների հետաքրքրում է Ռոբերտ Քոչարյանի կարգավիճակը․ եթե Քոչարյանը տևականորեն գտնվի անազատության մեջ, ապա ռուսական կողմը չի կարող ունենալ որևէ երաշխիք, որ Հայաստանի երկրորդ նախագահը կսահմանափակվի միայն Մարտի 1-ի բացահայտումներով։ Հայաստանի իշխանությունները պետք է ձեռնարկեն բոլոր հնարավոր միջոցները Մարտի 1-ի գործի համակողմանի բացահայտումը մինչև վերջ հասցնելու համար։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նույն հետևողականությունը պետք է ցուցաբերի նաև Հոկտեմբերի 27-ի բացահայտման հարցում՝ անտեսելով անգամ Մոսկվայի կանխատեսելի ճնշումները։ Հայաստանի և Ռուսաստանի միջև արժանապատիվ հարաբերություններ կարող են հաստատվել միայն ռուսական վասալության ռեժիմի վերացումից հետո, որի բանալին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտումն է։ Քանի դեռ այդ հանցագործությունը բացահայտված չէ, Հայաստանը երբեք ապահովագրված չէ ռուսական նոր սադրանքներից, Հոկտեմբերի 27-ի կրկնությունից։