Մաֆիոզ կապերը մեր պետությունը հիվանդացրել են, պետք է մաքրելով գնանք. ՍԴ հարցը այս տիրույթում է

Սահմանադրական դատարանի նախագահի շուրջ ստեղծված իրավիճակը բնութագրող հիմնական կռվանն այն է, որ Հրայր Թովմասյանը ժամանակից շուտ է ստանձնել ՍԴ նախագահի պաշտոնը, քանի որ ժամանակին ստանձնելու դեպքում կհայտնվեր նոր Սահմանադրությամբ կարգավորումների տիրույթում և ՍԴ նախագահի պաշտոնում կմնար 6 տարի ժամկետով, ոչ թե մինչև թոշակառության տարիք: Նշվում է, որ Թովմասյանին 2005-ի Սահմանադրության ազդեցության գոտում պահելու համար ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական է տվել ավելի շուտ: Դա տեղի է ունեցել 2018 թվականի մարտին: Հարց է առաջանում. ինչո՞ւ է իշխանությունը գնացել այդ քայլին և Հրայր Թովմասյանի համար ապահովել ՍԴ նախագահի մոտ մեկուկես տասնամյակի պաշտոն: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը այս և մի շարք այլ հարցերի անդրադարձան «Քաղաքացու որոշում» կուսակցության գերագույն մարմնի անդամ Հայկ Սահակյանը, վերլուծաբան Գոռ Մադոյանը և «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը: Հայկ Սահակյանը Սահմանադրական դատարանի և Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ նշեց. «Իշխանությունը որդեգրել է կիսատ-պռատ գործելաոճ, պրոցեսներն ամբողջությամբ նույն հունով տանելու սովորություն կարծես թե չկա, անպայման կիսատ է թողնվում: Այն, ինչ հիմա կատարվում է Հրայր Թովմասյանի շուրջ, արհեստական օրակարգ է: Հիմքում դրված է արդարադատության համակարգ, դատական համակարգ չունենալու խնդիրը»: «Մենք չունենք Սահմանադրական դատարան, ՍԴ-ն չունի լիարժեք կազմ, ունենք երկու դատավոր, ՍԴ-ն ճգնաժամի մեջ է,- նշեց Արմեն Մարտիրոսյանը:- Ողջունում եմ պատգամավոր Արման Բաբաջանյանի քայլը՝ ուղղված օրինական գործընթացով այդ հարցերը պարզելուն: Բայց կուզենայի, որ մեր Սահմանադրական դատարանի հարցը լուծվեր քաղաքական որոշման արդյունքում: ԱԺ-ն այդ հարցով քաղաքական մտածողություն չդրսևորեց: Ուզում եմ Հայաստանում տեսնել քաղաքական այրերի, որոնք իրենց քայլերի համար պատրաստ են պատասխանատվություն կրել առաջին հերթին Հայաստանի ժողովրդի առջև... Մենք կրակի հետ ենք խաղում»: Գոռ Մադոյանի դիտարկմամբ՝ այսօր հիմնական օրակարգը հեղափոխության շարունակությունն է: «Հեղափոխությունը ենթադրում է իշխանության բոլոր ճյուղերի փոփոխություն, իշխանության բոլոր ճյուղերի լեգիտիմացում, իսկ դա ենթադրում է ՍԴ փոփոխություն»,- ընդգծեց վերլուծաբանը:   Մանրամասն՝ տեսանյութում: