Հրայր Թովմասյանը գերազանցել է երկրորդ նախագահին. նոր իրողություններ

Հրայր Թովմասյանը գերազանցել է երկրորդ նախագահին. նոր իրողություններ

Մինչ ակտիվ հանրությունը քննարկումներ է ծավալում, բանավիճում է կամ փորձում հասկանալ, թե ինչ հանգուցալուծում կարող է ունենալ ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակը և ինչպես կլուծվի խնդիրը, առկա իրավիճակը, ըստ էության, ինքնին արդեն իսկ լուծում է որոշակի հարցեր, թեկուզ միջանկյալ, ստեղծելով նոր քաղաքական իրողություններ: Ընդ որում, դրանք ձևավորվում են թե կառավարող թիմի ներսում, որտեղ ակնհայտորեն որոշակի տարբեր մոտեցումներ կան իրավիճակի զարգացման և հանգուցալուծման ուղիների կապակցությամբ և թե նախկին իշխող համակարգի ներսում, որը ամբողջապես լծվել է Հրայր Թովմասյանի պաշտպանության գործին: Կառավարող ուժի տեսանկյունից, իհարկե, խնդիրը լոկ նորաձև դարձած պառակտման կանխատեսումը չէ, այլ ավելի խորքային հանգամանք: Կառավարող ուժի ներսում ճգնաժամային իրողությունները կխթանե՞ն բյուրեղացման գործընթաց՝ կապված ընդհանրապես քաղաքական և կառավարման փիլիսոփայության հետ: Սա է հարցը, որովհետև, ինչպես երևում է, այդ բյուրեղացումը կարող է տեղի ունենալ միայն ճգնաժամային ճանապարհով, ճգնաժամային հանգրվաններով անցնելով: Բանն այն է, որ միայն այդ դեպքում կառավարող ուժը կառերեսվի իր գլխավոր խնդիրներից մեկին՝ բաղադրության կամ կազմի առումով խիստ տարաբնույթ լինելուն: Այստեղ արդեն խոսքը ոչ թե կարծիքների, այլ բնույթի, աշխարհայացքի, փիլիսոփայության տարբերության մասին է: Առօրյա, ընթացիկ կառավարման գործընթացը բավականին ուժեղ չէ այդ առերեսումը առաջացնելու համար: Մինչդեռ, որքան առերեսումն ուշանում է, այդքան գործնականում այն ստանում է առավել ուժգին դրսևորվելու և, ըստ այդմ, որպես խնդիր առավել դժվար հաղթահարվելու վտանգ: Մինչդեռ, իբրև քաղաքական երևույթ այդ հանգամանքը շատ ավելի ռիսկային է հետհեղափոխական իշխանության համար, քան քաղաքական կամ «հակահեղափոխական» մրցակից դիտվող նախկին իշխող համակարգը: ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակը նոր իրողություններ է ձևավորում նաև այդ համակարգում՝ նախկին իշխանության շրջանում: Այստեղ, որպես, այսպես ասած գլխավոր թիրախ, Ռոբերտ Քոչարյանին փաստորեն փոխարինել է Հրայր Թովմասյանը, և Քոչարյանը մղվել է երկրորդ պլան: Ի դեպ, այստեղ հատկանշական է այն, որ Քոչարյանի թիմը Հրայր Թովմասյանի պաշտպանության գործին միացած է, սակայն բավականին պասիվ, առավելապես դուրս չմնալու համար: Մինչդեռ թվում է, որ երկրորդ նախագահն ամենից ակտիվն ու շահագրգռվածը պետք է լիներ, քանի որ ՍԴ տիրույթում է նրա անձեռնմխելիության հարցը: Սակայն Ռոբերտ Քոչարյանն, անկասկած, առավել հստակ է պատկերացնում, որ այդ հարցը դարձել է երկրորդական, և առաջին պլանում է քաղաքական վերադասավորումների և վերախմբավորման գործընթացը, որտեղ նա «զոհի» դիրքը զիջել է Հրայր Թովմասյանին: Իսկ հաշվի առնելով հեղափոխական իրադրությունն ու նախկին իշխանություն լինելու հանգամանքը, «զոհի» կերպարը բավականին թանկ կապիտալ է, որով Հրայր Թովմասյանը ներկայումս գերազանցում է երկրորդ նախագահին: