Շահերի բախում՝ Ամուլսարի գործով․ եթե վարչապետը տեղյակ չի եղել, ուրեմն ՔԿ նախագահը պետք է հեռացվեր

Դեռ օգոստոսի վերջին հայտնի դարձավ Յուրա Իվանյանի և Ամուլսարի շահագործման դրական եզրակացություն տված բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի ազգակցական կապի մասին։ Երեկ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հայտարարեց՝ ուսումնասիրությամբ պարզվել է, որ Իվանյանը որևէ շահագրգռվածություն կամ կապ չի ունեցել Ամուլսարի քրեական գործում։ Ինչպիսի՞ն են ձեր դիտարկումները․ «Առաջին լրատվական»-ի հարցին «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը պատասխանեց․ «Մեզնից ոչ մեկը չէր էլ հայտարարում, որ Իվանյանը շահագրգռվածություն է ունեցել։ Մենք ասում էինք, որ Քրեական դատավարության օրենսգրքով ստեղծված են իրավական երաշխիքներ, թե ով ինչ գործ կարող է քննել։ Ըստ այդմ՝ հորեղբոր որդին հորեղբոր որդու գործ չի կարող քննել։ Դա նշանակում է, որ ոչ լեգիտիմ կազմով քննություն է իրականացվել, որը ռիսկ է առաջացնում, որ քրեական գործը կփլուզվի։ Այդ քրեական գործը, ի վերջո, որևէ արդյունքի հանգելու է։ Այն կարևորությունը, որ ունի Ամուլսարի հետ կապված հարցը, անխոցելի գործ պետք է դա լինի»։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանն ասաց․ «Ես Միքայելի ասածների մի մասի հետ համաձայն եմ, մի մասի հետ՝ ոչ։ Այն ժամանակ, երբ գործը հանձնվել է Իվանյանին, նա նույն օրն իր վերադասին հայտնել է, որ կարող է ինչ-որ խնդիր առաջանալ, որովհետև նրանք ունեն ազգակցական կապ։ Տեխնիկական անփութության պատճառով՝ նայելով նրանց ազգակցական կապը, գտել են, որ այն չի կարող համարվել շահերի բախման առարկա։ Նրա վերադասը գտել է, որ խնդիր չկա և չի զեկուցվել էլ ավելի վերին օղակին, և գործն այդպես շարունակվել է։ Այլ հարց է, որ այսպիսի հանրային նշանակություն ունեցող գործը պետք է այդ իմաստով դիտարկվեր ամենայն մանրակրկտությամբ»։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դավիթ Խաժակյանն էլ հավելեց․ «Ես կարծում եմ, որ քննչական մարմնի ղեկավարը, իմանալով դրա մասին, առաջինը նա պետք է միջոցներ ձեռնարկեր։ Բայց համոզված եմ, որ գործի ընթացքի մասին զեկուցվել է նաև վարչապետին, և նա տեղյակ է եղել, որ նման ակնհայտ շահերի բախում կա։ Ակնհայտ է, որ ազգակցական կապը չէր կարող չկաշկանդել։ Իսկ եթե վարչապետին դա չի զեկուցվել, ապա քննչական մարմնի ղեկավարին այսօր կարելի է հեռացնել»։     Մանրամասները՝ տեսանյութում։