Իրականում ով «քաշեց» Հայաստանի հավաքականին և Արմեն Գյուլբուդաղյանցին

Իրականում ով «քաշեց» Հայաստանի հավաքականին և Արմեն Գյուլբուդաղյանցին

2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի ձախողման ողջ պատասխանատվությունն իր վրա վերցնելով՝ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հեռացավ: Սա միանգամայն տրամաբանական և սպասելի որոշում էր: Երկրպագուների մի մասը Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի հավաքականների հետ անհաջող ելույթների գլխավոր մեղավոր է համարում հենց ազգային թիմի գլխավոր մարզչին, մյուս հատվածն էլ կատարվածի մեջ այլ օբյեկտիվ գործոններ է տեսնում: Մասնավորապես, այդ երկու հանդիպումներում ընդամենը մեկ միավոր վաստակելը ոմանք կապում են թիմի առաջատար խաղացողներ Հենրիխ Մխիթարյանի, Կամո Հովհաննիսյանի և Կառլեն Մկրտչյանի բացակայության հետ: Ինչ խոսք նշված ֆուտբոլիստների բացակայությունը էապես ազդեց մեր հավաքականի խաղի վրա, բայց այն որևէ կեպ չի կարող արդարացման վեկտոր հանդիսանալ: Բացակա ֆուտբոլիստների բացը պետք է լրացներ գլխավոր մարզիչը, որը չհաջողվեց անել: Ձախողումը վերլուծելով, կամ անհաջողության հետքերով գնալով, սակայն հարկ ենք համարում խոսել սուբյեկտիվ մի գործոնի մասին, որը կարծում ենք «նպաստեց» միավորների կորստին, կամ այլ կերպ ասած «քաշեց» թե ազգային հավաքականին և թե Արմեն Գյուլբուդաղյանցին: Խոսքը մեր հավաքականի դարպասապահի ըստ էության բացակայության մասին է: Դարպասում կանգնած մարդուն ընդունեք, որ դժվար է անվանել դարպասապահ, եթե նա չի տիրապետում իր մասնագիտության ամենատարրական նորմերին: Ավելի ստույգ, արդյո՞ք դարպասում կանգնած անձին կարելի է անվանել դարպասապահ, եթե նա չի համարձակվում բռնել դարպասապահի հրապարակով՝ «քթի տակով» անցնող գնդակները, չգիտի ինչպես վարվել իր վրա եկող գնդակի հետ, օդային պայքարին չի մասնակցում, կամ մասնակցելիս գնդակը անգրագետ շարժումով նվիրում է մրցակցին, պաշտպանի կողմից արված փոխանցումը բաց է թողնում ոտքի տակով: Ընդ որում մեր հավաքականի դարպասում վերջին հանդիպումներում կանգնած անձն արդեն 32 տարեկան է: Իր կարիերայի ընթացքում Արամ Հայրապետյանը խաղացել է «Սոչի-04»,«Կուզբաս», «Սմենա» թիմերում, իսկ վերջին տարիներին ելույթ է ունենում Երևանի «Ուրարտուում»: Կարծում ենք պարզ է, որ եթե Հայրապետյանն ունենար դարպասապահին հատուկ գոնե միջին որակներ կխաղար գոնե Ռուսաստանի առաջին լիգայի թիմերից մեկում գոնե ասենք Յարոսլավլի «Շիննիկում»: Վերջին շրջանում բոլորս ինքներս մեզ փորձում էինք համոզել, որ Արամ Հայրապետյանը լավ դարպասապահ է և աչք էինք փակում նրա թույլ տված կոպիտ սխալների վրա: Ոգևորովում էինք, որ նա «սեյվեր» էր անում: Հիշեցման կարգով նշենք, որ սեյվեր անելը և իր թիմին փրկելը դարպասապահի գլխավոր գործառույթն է, որի համար էլ գլխավոր մարզիչը նրան կանգնացնում է դարպասին: Բոլորս աչք փակեցինք Իտալիայի խաղում Հայրապետյանի թույլ տված սխալների վրա, աչք փակեցինք Բոսնիայի հետ խաղում թույլ տված սխալների վրա և վերջապես աչք փակեցինք Լիխտենշտեյնի դեմ մրցավեճում թույլ տված կոպտագույն սխալի վրա: Հանուն արդարության պետք է խոստովանենք, չլիներ Հայրապետյանի սխալը Լիխտենշտեյնի դեմ մրցավեճում, երևի թե երկու միավոր չէինք կորցնի: Հասկանալի է, որ ֆուտբոլը թիմային խաղ է և սխալներից ոչ ոք ապահավոգրված չէ, բայց․․․: Բայց ինչքա՞ն: Դեռևս Իտալիայի հետ խաղից առաջ դիտելով Հայրապետյանի ելույթները՝ Հայաստանի առաջնությունում կարելի էր ասել թերևս հետևյալը՝ «Ողբում եմ քեզ Հայաստանի հավաքական»: Հայրապետյանը Ֆինլանդիային նվիրեց առաջին գոլը՝ բեկելով հանդիպման ընթացքը: Ֆինները ամենևին էլ հիմար չէին և հասկանալով որ դարպասապահ չունենք, գնդակը շարունակ կախում էին տուգանային հրապարակի կենտրոն, քաջ գիտակցելով, որ Հայրապետյանը կսխալվի: Այդպես էլ եղավ: Այս ամենը նշելով ամենևին նպատակ չենք հետապնդում մեղադրել կամ փնովել Արամ Հայրապետյանին: Նա խաղում է այնքան, որքան կարող է: Հայրապետյանից ամենևին էլ լավը չեն մյուս դարպասապահները, որոնք հրավիրվում են հավաքական: Ժամանակը ցույց տվեց, որ հայկական ֆուտբոլն ուղղակի ի զորու չէ պատրաստել գոնե միջին կարգի դարպասապահների: Դարպասապահների «շկոլա» չունենք և դա պետք է ընդունենք: Բաց դա ամենևին էլ չի նշանակում, որ ազգային հավաքականը միջազգային ասպարեզ պետք է դուրս գա կես թիմով: Այո, լավ դարպասապահը թիմի կեսն է: 20 տարի շարունակ հույսներս դրել էինք Ռոման Բերեզովսկու վրա: Բերեզովսկին արդեն մի քանի տարի չի խաղում, իսկ ի՞նչ է արվել նրա բացը լրացնելու համար: ՀՖՖ-ի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը «մուկ ու կատու» էր խաղում Ռուսաստանում հանդես եկող Դավիթ Յուրչենկոյի հետ: Թե ինչ է անում այս խնդիրը կարգավորելու համար ՀՖՖ-ի ներկայիս ղեկավարությունը՝ դժվար է ասել: Ամեն դեպքում բոլորիս է հետաքրքիր խնդրի լուծման տեսլականը: Առջևում նոր ընտրական մրցաշարն է և արդյոք պետք է կես թիմով մասնակցենք պատասխանատու այդ մրցաշարին: Արդյոք վճռորոշ խաղում Հայրապետյանը պետք է գնդակ նվիրի մրցակցին: