Նախատեսվում է ավելացնել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառպահների հաստիքացուցակը

Նախատեսվում է ավելացնել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառպահների հաստիքացուցակը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրինության հսկողության տակ գտնվում է մոտ 344 400 հա անտառային հող, որից անտառածածկ է 277 հազար հա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահե Մացակյանը: «Կան նաև անտառածածկ տարածքներ, որոնք կառավարվում են արգելոցների կամ ազգային պարկերի կողմից»,- նշեց Մացակյանը: Անդրադառնալով ծառահատման դեպքերին և դրանց վերահսկողությանը՝ «Հայանտառ»-ի տնօրենի պաշտոնակատարը նշեց, որ ՊՈԱԿ-ն ունի 19 անտառտնտեսության մասնաճյուղ, որոնք էլ իրենց հերթին ունեն անտառպետություններ: «Յուրաքանչյուր անտառպետություն ունի իր անտառպետերն ու անտառպահերը: Հսկողություններն իրականացվում են անտառպահերի կողմից, սակայն նրանց թիվը քիչ է, և այժմ մենք նոր հաստիքացուցակ ենք մշակում»,- ասաց Մացակյանը և հավելեց, որ պահաբաժինների թիվն այդպիսով կավելանա, քանի որ այժմ 1200-1400 հա հսկում է մեկ հոգի, ինչը, ռելիեֆի առանձնահատկություններից ելնելով, մի փոքր դժվար է: «Այսօր «Հայանտառ»-ի տնկարաններում աճեցնում ենք տարբեր տնկիներ և գործընկեր երկրների հետ բանակցություններ ենք վարում, որպեսզի գնման կամ նվիրատվության ձևով ձեռք բերենք: Այս պահին 2019 թվականի բյուջեով նախատեսված գումարներ ունենք, որի միջոցով աշնանը պետք է 140 հա անտառապատում արվի և ցանքս միջոցով 10 հա անտառմշակույթների հիմնադրում»,- շեշտեց «Հայանտառ»-ի տնօրենի պաշտոնակատարը: Նրա խոսքով՝ իրենց վերահսկողության տակ գտնվող ծառատեսակներից և բույսերից վտանգված են համարվում հատապտղային կենին, արջատխլենին, որոնք համարվում են ռելիկտային և էնդեմիկ տեսակներ: