Բաքվի կողմից որոշակի ճնշման փորձ է Հայաստանի նկատմամբ․ ինչի է պատրաստ Երևանը

Պաշտոնական Բաքուն Ղարաբաղի հակամարտության լուծման բանակցություններում առաջընթաց է նախանշում, սակայն հիասթափված է Նյու Յորքում հայկական կողմի հետ երկխոսության վերջին փուլից: Այս մասին «Իզվեստիային» տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Նա նաև նշել է, որևէ նյութ չկա, որի հիման վրա ընթանա բանակցային գործընթացը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, անդրադառնալով այս դիտարկմանը, նշեց, որ իր կարծիքով դա ճնշման փորձ է, որպեսզի հայկական կողմը հանդիպումների իրենց օրակարգին համաձայնի և գործընթացը զարգանա այնպես, ինչպես գերադասում է Ադրբեջանը: «Մամեդյարովը հղում է կատարում Մադրիդյան ակզբունքներին և ենթադրում է, որ կարելի է հասնել նրան, որ քննարկվեն այն սկզբունքները, որոնք ձեռնտու են Ադրբեջանին: Այդ կարգի ճնշումներ գործադրելով՝ առաջին հերթին միջնորդների, ապա նաև Հայաստանի վրա՝ փորձում են հասնել նպատակին՝ շատ լավ հասկանալով, որ դա իրատեսական չէ: Մադրիդյան սկզբունքները այսօրվա պայմաններում, երբ կան բազմաթիվ հակասություններ, կառուցողական չեն, իսկ համալիր քննարկումներին կողմերը ընդհանրապես պատրաստ չեն»: Որոշ փորձագետների կարծիքով նույնպես՝ Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթաց չկա, կան խոսակցություններ շփման գծում իրավիճակի և գերիների փոխանակման ձևաչափերի շուրջ, որոնց վերաբերյալ Ստեփանակերտը վերապահումներ ունի: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը նշեց, որ ինչ-որ գործընթաց կա, որից, սակայն, շատ բան ակնկալել պետք չէ. «Էական սկզբունքային հարցերը քննարկելն անիմաստ է, դեռ շատ խնդիրներ պետք է լուծվեն, որպեսզի այդ քննարկումն իմաստ ունենա: Նախ՝ թշնամանքի և վստահության մթնոլորտի խնդիր կա, բացի դրանից՝ բանակցությունների ձևաչափում Արցախը ներկայացված չէ անհրաժեշտ չափով, այս ամենը նշանակում է, որ բանակցությունների գործընթացում առաջընթաց չի կարող լինել: Եվ ճիշտ կլինի, որ Մամեդյարովն իր հիասթափության առումով դիմի Ադրբեջանի իշխանություններին, քանի որ նրանք ունեին հնարավորություն ինչ-որ փոփոխություններ մտցնել իրենց գործելակերպի մեջ և հեղափոխությունից հետո ոուրիշ կերպ խոսել, կարծես թե փորձեր եղան, բայց իներցիայի ուժով կրկին հայտնվեցին իրենց հին գործելակերպի շրջանակներում՝ ճնշումներ գործադրել, սպառնալ ուժի կիրառմամբ և հույս ունենալ, որ Հայաստանը զիջումներ կանի: Հայաստանի նոր իշխանություններն ասում են՝ եկեք քննարկենք Մադրիդյան սկզբունքները, հասկանանք՝ ինչի մասին է խոսքը, բայց մինչ այդ պետք է ապահովել նորմալ մթնոլորտ բանակցությունների համար»: Մանրամասն՝ տեսանյութում: