Թուրքիան իր վերահսկողության տակ է վերցրել Սիրիայի 111 բնակավայրեր․ Էրդողան

Թուրքիան իր վերահսկողության տակ է վերցրել Սիրիայի 111 բնակավայրեր․ Էրդողան

«Խաղաղության աղբյուր» գործողության սկզբից ի վեր թուրքական բանակը վերահսկողություն է հաստատել Սիրիայի 111 բնակավայրերի վրա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի՝ հոկտեմբերի 21-ին՝ գրում է korrespondent.net-ը: «Գործողության ընդամենը 9 օրվա ընթացքում 765 ահաբեկիչ վնասազերծվել է, իսկ 1500 քառակուսի կիլոմետր ազատագրվել է ահաբեկչական կազմակերպություններից, մենք վերահսկողություն ենք սահմանել 111 բնակավայրերի վրա: Մենք ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ միջոցները, հատկապես սննդի, առողջության և անվտանգության ապահովման առումով, որպեսզի մեր տարածաշրջանում ապրող եղբայրներն ու քույրերը որևէ խնդիր չունենան»,- ասել է Էրդողանը: Նա նաև իր խոսքում նշել է, որ Թուրքիան երկիր է, որը չունի այլ պետությունների նկատմամբ տարածքային պահանջներ, և քննադատել է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի որոշ երկրների դիրքորոշումը, որոնք հայտարարում են ահաբեկչության դեմ պայքարի մասին, բայց չեն սատարում Սիրիայում իրենց գործողությունը: Նա նաև նշել է, որ Թուրքիան երբեք համաձայնություն չի կնքել ահաբեկիչների հետ և կշարունակի պայքարը: