Չինաստանը հարուստ մարդկանց թվով առաջ է անցել ԱՄՆ-ից

Չինաստանը հարուստ մարդկանց թվով առաջ է անցել ԱՄՆ-ից

Չինաստանն ԱՄՆ-ից առաջ է անցել առավել ունևոր մարդկանց թվով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է TASS-ը, վկայում են Credit Suisse բանկի հետազոտության՝ հոկտեմբերի 21-ին հրապարակված տվյալները: Նրա տեղեկությունների համաձայն` ՉԺՀ-ի այն քաղաքացիների թիվը, որոնք մտել են աշխարհի առավել հարուստ մարդկանց 10 տոկոսի մեջ, հասել է 100 միլիոնի այն դեպքում, երբ ԱՄՆ-ում այդ թիվը կազմում է 99 միլիոն: «Չնայած վերջին մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրական տարաձայնություններին՝ երկու երկրները բարեկեցության կուտակման գործում աճ են արձանագրել համապատասխանաբար 3,8 տրլն դոլարի և 1,9 տրլն դոլարի չափով»,-հետազոտության մեջ բերված է բանկի ներկայացուցչի խոսքը: Հետազոտության տվյալների համաձայն՝ դոլարային միլիոնատերերի ընդհանուր թիվն աճել է 1,1 միլիոնով և հասել 46,8 միլիոնի նշագծին. նրանց ձեռքում գտնվում են 158,6 տրլն դոլար գումարի ակտիվներ և միջոցներ: 55 920 մարդու կարողությունը գերազանցում է 100 մլն դոլարը, իսկ 4830 մարդ 500 և ավելի միլիոն դոլար գումարի ակտիվների սեփականատեր է: