Հայաստանի հավաքականը կգլխավորի իսպանացի՞ մասնագետ. Ով պետք է նշանակի մարզիչ

Հայաստանի հավաքականը կգլխավորի իսպանացի՞ մասնագետ. Ով պետք է նշանակի մարզիչ

Արմեն Գյուլբուդաղյանցի հրաժարականից հետո շատ են քննարկվում Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի տարբերակները: Հիշեցնենք, որ Գյուլբուդաղյանցը հեռացավ 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի հավաքականների հետ խիստ անհաջող հանդիպումներից հետո: Չնայած զրկվել ենք Եվրո-2020-ի ուղեգրի համար պայքարելու հնարավորությունից, այնուամենայնիվ, այս շրջափուլում Հայաստանի հավաքականը դեռևս երկու հանդիպում պետք է անցկացնի: Նոյեմբերի 15-ին մերոնք Երևանում մրցելու են Հունաստանի հետ, իսկ երեք օր անց հյուրընկալվելու են Իտալիային: Թե որ մասնագետի գլխավորությամբ մեր ֆուտբոլիստները կանցկացնեն առաջիկա հանդիպումները՝ դժվար է ասել: Մեկ ամսվա ընթացքում իսկապես դժվար է գտնել այն մասնագետին, ում հնարավոր կլինի վստահել ազգային թիմն առաջիկա տարիներին: Այս պահին հավանական է թվում հույների և իտալացիների դեմ ազգային թիմի տեղացի ժամանակավոր մարզչի գլխավորությամբ խաղալը: Գլխավոր մարզչի վերջնական ընտրության հարցում անհրաժեշտ է առաջին հերթին հաշվի նստել մի պարզ փաստի հետ: Այս տարվա հունվարին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն էր նշանակվել իսպանացի հայտնի մասնագետ Խինես Մելենդեսը: Վերջինիս գործառույթի հիմքում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումն է, ինչպես նաև բոլոր հավաքական թիմերի համակարգումը: Մելենդեսին նշանակելով ՀՖՖ տեխնիկական տնօրեն՝ հայկական ֆուտբոլային գերատեսչությունն ըստ էության պատասխանատու որոշում կայացրեց մարզաձևի զարգացման իսպանական մոդելն ընտրելու վերաբերյալ: Մինչև 17 տարեկանների Հայաստանի հավաքականն այսօր գլխավորում է իսպանացի Ռուբեն Լեսկանոն, իսկ երիտասարդական հավաքականը՝ մեկ այլ իսպանացի մասնագետ Անտոնիո Ֆլորեսը: Այսինքն՝ երիտասարդ և պատանի ֆուտբոլիստների հետ այսօր աշխատանք է տարվում հստակ ծրագրով, որ մշակել է Մելենդեսը: Ի դեպ, Հայաստանի երիտասարդական հավաքականը Ֆլորեսի գլխավորությամբ վերջին մրցավեճերում գրագետ և հասուն ֆուտբոլ ցուցադրեց, ինչը խոսում է այն մասին, որ իսպանացի մասնագետները կարծես սկսել են սայլը տեղից շարժել: Արմեն Գյուլբուդաղյանցը ազգային թիմի ղեկին հայտնվել էր անցյալ տարվա հոկտեմբերին՝ մինչև Մելենդեսի Հայաստան գալը: ՀՖՖ-ն չգնաց կտրուկ քայլի, և չնայած Ազգերի լիգայի խաղարկությունում մեր հավաքականի ձախողմանը՝ Գյուլբուդաղյանցը պաշտոնանկ չարվեց: Եթե ընտրել էինք իսպանական մոդելը, ապա այնքան էլ տրամաբանական չէր երկրի գլխավոր թիմը տեղացի մասնագետին վստահելը: Կարծում ենք՝ շատ ավելի պատեհ կլիներ, եթե Գյուլբուդաղյանցը ընդգրկվեր ազգային թիմի մարզչական շտաբում, իսկ գլխավոր մարզիչը կամ ժամանակակից ֆուտբոլում թիմի մենեջեր կոչվածը նշանակվեր Մելենդեսի կողմից: Այս պարագայում մոդել կոչվածը շատ ավելի ամբողջական և հեռանկարային տեսք կունենար: Ինչևէ, հիմա ՀՖՖ-ն կրկին կանգնած է գլխավոր մարզչի բավական բարդ ընտրության առաջ: Ստեղծված իրավիճակում, կարծում ենք, որոշակիորեն անհասկանալի կլինի, եթե Հայաստանի ազգային հավաքականը գլխավորի, ասենք, իտալացի կամ գերմանացի մասնագետ: Իտալացի մարզիչը դժվար թե համաձայնի աշխատել մի միջավայրում, որտեղ գործի է դրված ֆուտբոլի զարգացման իսպանական ծրագիրը: Ցանկացած բարձրակարգ մասնագետ կպնդի, որ դուստր հավաքականները աշխատեն իր նախընտրած ծրագրով: Գաղտնիք չէ, որ երիտասարդական և պատանեկան հավաքականները ազգային թիմի գլխավոր ռեզերվն են: Անհասկանալի կլինի նաև, եթե ազգային հավաքականի ղեկը կրկին վստահվի տեղացի մասնագետի: Խնդրի ամենաօպտիմալ լուծումը թերևս գլխավոր մարզչի ընտրությունը Խինես Մելենդեսին վստահելն է: Տրամաբանական է, որ նա կնախընտրի իսպանացի մասնագետ, ում ճանաչում և վստահում է: Կարծում ենք նաև վատ չի լինի եթե Հայաստանի ազգային հավաքականը գլխավորի հենց ինքը Մելենդեսը: Պետք է աչքի տակ ունենալ նաև այս տարբերակը: Եթե ընտրել ենք մի ճանապարհ, ապա դրանից շեղվելը բոլորովին ճիշտ չի լինի: Եթե ընտրել ենք իսպանական մոդել, ապա այն պետք է լինի ամբողջական և աշխատի ինչպես մեխանիզմը: Բոլորովին այլ հարց է՝ ընտրված մոդելը ճի՞շտ է, թե՞ սխալ: Այսօր, սակայն, այս հարցն այնքան էլ կարևոր չէ, քանզի հայկական ֆուտբոլը 20 տարի շարունակ առաջ չի շարժվել հստակ ծրագրով, և թերևս առաջին անգամ է ընտրվել զարգացման մոդել: Արդյունքը կարող ենք տեսնել միայն տարիներ անց, իսկ հիմա մեր միակ խնդիրը հնարավորինս արագ առաջ շարժվելն է: Կրկին սխալվելու իրավունք մենք պարզապես չունենք: Առջևում 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլն է, որտեղ մրցակցությունը շատ ավելի դժվար է լինելու, քան ընթացիկ Եվրոպայի առաջնության ընտրական փուլում: Դեռ ժամանակ ունենք հերթական կարևոր մրցաշարին պատշաճ կերպով նախապատրաստվելու: Սա այն դեպքն է, երբ «հրամանատարի» ընտրության պատասխանատու հարցում կոմպետենտ մասնագետ պաշտոնյային վստահելն ուղղակի այլընտրանք չունի: Էքսպերիմենտների հետևանքով այսօր ունենք բավական տխուր պատկեր: Հուսանք, որ նախկինում թույլ տված սխալներն այլևս չեն կրկնվի: