Աբովյանում  31-ամյա իրանցին իր հայազգի կնոջը դաժանաբար ծեծել է՝ սեղանը հավաքելիս դանակը վայր գցելու պատճառով

Աբովյանում 31-ամյա իրանցին իր հայազգի կնոջը դաժանաբար ծեծել է՝ սեղանը հավաքելիս դանակը վայր գցելու պատճառով

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Գեղամ Մարգարյանի նախագահությամբ ավարտվել է Իրանի քաղաքացի Մ.-ի գործի դատական քննությունը: 31-ամյա Մ.-ին մեղադրանք էր առաջադրվել տուժողի նկատմամբ բռնություն գործադրելու, նրան ծեծի ենթարկելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով: Տուժողը Մ.-ի հայազգի կինն է՝ Ա.-ն: Ըստ մեղադրանքի՝ 2019 թվականի հունիսի 2-ի առավոտյան, ժամը 10-ն անց 30-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակարանում նախաճաշի սեղանը հավաքելու ժամանակ կինը պատահաբար վայր է գցել դանակը, ինչից վիճաբանություն է սկսվել ամուսինների միջև, ու Մ.-ն բռունցքներով 4-5 անգամ հարվածել է կնոջ մարմնի տարբեր մասերին՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ: Դատարանում ամբաստանյալ Մ.-ն իրեն մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, որ դեպքի օրը կինը՝ Ա.-ն, նախաճաշի սեղանը հավաքելու ժամանակ վերցրել է կարագի ափսեն, դրանում եղած դանակը ընկել է իր վրա: Ինքը կնոջը հարցրել է՝ սեղանն ի՞նչ ձևի ես հավաքում: Վիճաբանություն է սկսվել իրենց միջև: Ինքը մի քանի անգամ հարվածել է կնոջը, բայց ուժեղ չի խփել. երկու անգամ հարվածել է նրա թևին, հետո էլ հրել է: Ամբաստանյալը նշել է, որ իրենց տանը միշտ վիճաբանություններ եղել են: Վեճերը հիմնականում առաջացել են... իրար չհասկանալու արդյունքում... Տուժող Ա.-ն դատարանում հրաժարվել է ցուցմունքներ տալուց, բայց պատասխանելով կողմերի հարցերին՝ հայտնել է, որ Մ.-ն իր ամուսինն է, սակայն իրենք առանձին են բնակվում, ինքը Մ.-ի հետ ոչ մի հարաբերություն չունի... Դեպքի օրը տանը եղել են ինքը, ամուսինը՝ Մ.-ն, անչափահաս երեխան: Իր ու Մ.-ի միջև վիճաբանությունը շատ արագ է սկսվել այն բանից հետո, երբ ինքը ափսեն վերցրել է Մ.-ի դիմացից, ու ափսեի մեջ եղած դանակն ընկել է վերջինիս վրա: Մ.-ն միանգամից բռնկվել է, բռունցքներով չորս-հինգ անգամ հարվածել է իրեն: Տուժող Ա.-ն հայտնել է, որ ամուսինը՝ Մ.-ն, իրեն հաճախակի է ծեծել... Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ տուժող Ա.-ին բութ, կոշտ առարկաներով պատճառվել են ձախ բազկի շրջանի արյունազեղումներ, որոնք առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում: Դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալ Մ.-ին բնակության վայրի համատիրության կողմից տրվել է դրական բնութագիր, համաձայն որի՝ Մ.-ն իրեն «դրսևորել է որպես պարկեշտ անձնավորություն... Տարիներ շարունակ վայելել է հարևանների վստահությունը և արժանացել է հարգանքի... Նա պարտաճանաչ ու պատասխանատու բնակիչ է...»: Դատարանը հաշվի է առել, որ Մ.-ի խնամքին կա մեկ անչափահաս երեխա: Ամբաստանյալ Մ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով ու դատապարտվել է տուգանքի՝ 100 հազար դրամի չափով: