Բալասանյանի հայտարարությունները չեն կարող նույնացվել Արցախի իշխանությունների հետ

2019թ. հոկտեմբերի 14-ից Հայաստանում տեղի է ունենում առաջին «Ավրորա» ֆորումը, որին մասնակցում էր նաև Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը։ Արցախից, մասնավորապես Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի կողմից հնչում են հայտարարություններ, որոնք Հայաստանում բնորոշվում են հիմնականում որպես սպառնալիք։ Արցախի իշխանություններն ի՞նչ դիրքորոշում կամ որակավորում են տալիս նման ձևակերպումներով հայտարարություններին․ «Առաջին լրատվական»-ի հարցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը պատասխանեց․ «Այդ հայտարարությունները չեն կարող նույնացվել Արցախի իշխանությունների հետ, այն պարզ պատճառով, որ պարոն Բալասանյանը իշխանության մաս չէ։ Նա ազատ քաղաքական գործիչ է և ինքն է ընտրել իր այդ ճանապարհը։ Սա պաշտոնական Ստեփանակերտի և լայն հասարակության կարծիքը չէ։ Դա նրա անձնական կարծիքն է։ Մենք միշտ ասում ենք, որ բոլորս պետք է քարոզենք մեր միասնականությունը, եղբայրակցությունը, որովհետև մենք կարող ենք քաղաքական դաշտում պայքարել մեկս մյուսի դեմ, բայց մենք չենք կարող լինել թշնամիներ»։ Իսկ Արցախի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարությունը կիսո՞ւմ է Վիտալի Բալասանյանի մտահոգությունները, որ Հայաստանի Հանրապետության գործող իշխանություններով պայմանավորված վտանգվում է Արցախի անվտանգությունը․ «Առաջին լրատվական»-ի հարցին Դավիթ Բաբայանը պատասխանեց․ «Ես չեմ ուզում նույնիսկ ամենամղձավանջային երազում պատկերացնեմ, որ Հայաստանի Հանրապետության որևէ իշխանավոր դավադիր վերաբերմունք ունենա Արցախի նկատմամբ։ Եթե այդպես լինի, ապա դա կլինի, առհասարակ, Հայոց պետականության կործանում։ Չեմ ուզում նույնիսկ հավատալ։ Մենք այդ կարծիքին չենք։ Կան խնդիրներ, կան բարդություններ, ինչպես ցանկացած այլ երկրում, բայց դրանք նոր հնարավորություններ են ստեղծում, նոր պատուհաններ են բացում։ Մենք պետք է լինենք միասնական, փոխադարձ հարգանքի մթնոլորտում կառուցենք մեր հարաբերությունները և ճիշտ աշխարհաքաղաքականություն վարենք։ Այ սա է մեր բոլոր հաղթանակների հիմքը»։     Մանրամասները՝ տեսանյութում։