ԿԳՄՍ-ի նախաձեռնությունը՝ խայտառակություն. Եթե գրականությունը չդասավանդվի, ինչպե՞ս մարդը կարող է ձևավորվել որպես քաղաքացի

ԿԳՄՍ-ի նախաձեռնությունը՝ խայտառակություն. Եթե գրականությունը չդասավանդվի, ինչպե՞ս մարդը կարող է ձևավորվել որպես քաղաքացի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը փոփոխություններ է նախատեսում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում և որոշել է, որ այլևս բուհերում հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն առարկաները չեն լինելու պարտադիր ուսուցման առարկաներ։ Այս փոփոխություններն ալեկոծել են ոչ միայն հայագիտության խնդիրներով մտահոգ անձանց, մասնագետներին, այլև նրանց, ովքեր պաթոսախառն գրառումներ են անում սոցցանցերում՝ առողջ քննարկումը տեղափոխելով էմոցիոնալ դաշտ։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում կոչ է արել հայոց լեզուն, հայ գրականությունն ու հայոց պատմությունն իրենից չպաշտպանել, քանի որ ինքը «Դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռնության հիմնադիրներից է, իսկ այն ժամանակ, երբ ինքը պայքարում էր օտարալեզու դպրոցների բացման դեմ, հազիվ 50 աջակից է գտնվել։ Արայիկ Հարությունյանը հիշեցրել է, որ այսօր դպրոցն ավարտում են 18 տարեկանում, 12-ամյա կրթակարգով, և այդ փոփոխություններով իրենց նպատակն է ուժեղացնել հայագիտական առարկաների դասավանդումը դպրոցում, որպեսզի դրանց կրկնությունը չլինի բուհերում։ Նախարարը նաև նշել է, որ այդ դեպքում բուհերում մասնագիտական ուղղություններով ավելի շատ առարկաներ են կարողանալու անցնել։ Իսկ բուհերն էլ, ըստ այդ փոփոխությունների, կարող են որոշում կայացնել և հայագիտական առարկաներ դասավանդել։ Բանաստեղծ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Էդոյանը համաձայն չէ այդ փոփոխություններին։ Նա կարծում է, որ հայագիտական առարկաները պետք է պարտադիր դասավանդվեն բոլոր բուհերում, բոլոր ֆակուլտետներում։ «Աշխարհի բոլոր համալսարաններում դասավանդում են գրականություն՝ անկախ մասնագիտությունից։ Կրթություն, գիտակցություն, բարոյական ոգի՝ այդ ամենն ի վերջո դրված է գրականության մեջ։ Եթե գրականությունը չդասավանդվի, ապա ինչպե՞ս մարդը կարող է ձևավորվել որպես քաղաքացի։ ԵՊՀ-ի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում հանեցին գրականությունը մասնագիտական առարկաների ցանկից, լրիվ աբսուրդ է, չէ՞։ Ինչպե՞ս կարելի է սովորել ֆրանսերեն լեզու, բայց չսովորել ֆրանսիական գրականություն, սովորել գերմաներեն լեզու, բայց ոչ գերմանական գրականություն, և այսպես շարունակ։ Վրաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, եվրոպական համալսարաններում, լատինաամերիկյան համալսարաններում ուսումնասիրում են լեզու և գրականություն։ Եվ այս քայլը լեզուն և գրականությունը ոչնչացնելուն է ուղղված, դրա համար հեռուստատեսությամբ հայերեն խոսք չես լսում, ենթագրերը տառասխալներով են, խոսում են գռեհիկ լեզվով։ Բոլորը խոսում են ա-ով, գնամ, էթամ, չկա գրական լեզու։ Իսկ եթե չկա գրական լեզու, ապա չկա նաև ազգային գիտակցություն»,- արձագանքեց Հենրիկ Էդոյանը։ Հետաքրքրվեցինք, թե, օրինակ, եվրոպական երկրներում, ոչ մասնագիտական բուհերում և ֆակուլտետներում չեն ուսումնասիրո՞ւմ մայրենի լեզու, գրականություն և պատմություն։ «Գրականությունն ուսումնասիրում են բոլոր բուհերում՝ անկախ մասնագիտությունից, լինի դա քիմիայի, ֆիզիկայի, թե մեկ այլ ֆակուլտետ։ Ամերիկյան համալսարաններում նույնիսկ ժամանակակից պոետներին են հրավիրում աշխատանքի․ նա մեկ տարի աշխատում է համալսարանում, ստանում է շատ բարձր աշխատավարձ և այդ համալսարանում կազմակերպում է գրական ասուլիսներ, քննարկումներ, պոետական երեկոներ և այլն։ Օրինակ՝ Եվտուշենկոն քսանհինգ տարի շարունակ աշխատում էր ԱՄՆ-ում, գյուղատնտեսական համալսարանում։ Ընդհակառակը՝ պետք է խորացնել գրականության ուսուցումը, քանի որ այն քաղաքացի է դասավանդում»,- նշեց գրականագետը։ Պահպանողական կուսակցության նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի դասախոս Միքայել Հայրապետյանը ԿԳՄՍ-ի նախաձեռնությունը որակեց մեկ բառով՝ խայտառակություն՝ հավելելով, որ առաջիկայում ավելի հանգամանալից հայտարարությամբ հանդես կգա։ Բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ, «Արտասահմանյան գրականություն» հանդեսի գլխավոր խմբագիր Վահե Արսենը կարծում է, որ հայոց լեզուն ամեն դեպքում առաջնային է կրթական բոլոր համակարգերում։ Միաժամանակ Վահե Արսենը կարծում է, որ խնդիրը հանրակրթության մեջ է, երբ, ըստ էության, 12 տարի սովորում են հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն։ «Հիմա, եթե սովորողը յուրացրել է այդ առարկաները, ապա ինչո՞ւ պետք է նույնը սովորի բուհում։ Խնդիրն ավելի շատ հանրակրթության մեջ է, քան բուհական համակարգում։ Օրինակ՝ սովորում են առարկաներ, որոնք մասնագիտական չեն։ Եթե դպրոցում բավարար չեն ուսումնասիրել հայոց լեզու, գրականություն, ապա հնարավորություն ունի՞ բուհը դրանք ուսուցանելու և հասցնելու տրամաբանական կետի, որպեսզի ուսանողները յուրացնեն այդ նյութը։ Եթե բանասիրության ֆակուլտետն է, այնտեղ պետք է ուսումնասիրեն հայագիտական առարկաներ, բայց եթե նեղ մասնագիտական ոլորտ է, ապա ինչո՞ւ պետք է ուսումնասիրեն հայոց պատմություն, երբ այն սովորել են դպրոցում»,- հարցնում է Վահե Արսենը։ Նա կարծում է, որ այս խնդրին չպետք է մոտենալ ռադիկալ դիրքորոշմամբ՝ կողմ, թե դեմ։ Վահե Արսենն ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ ԵՊՀ-ի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում, որն անվանափոխվել է լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի, «արտասահմանյան գրականություն» առարկայի դասաժամերը խայտառակ ձևով կրճատվել են։ «Մենք բոլորս գիտենք, որ լեզուն ձևավորվում է գրականության հիմքի վրա։ Հիմա, եթե «արտասահմանյան գրականություն» առարկայի ժամերը կրճատում ենք, ի՞նչ ենք ունենում արդյունքում։ Ինչպե՞ս կարող է ուսանողն իմանալ, թե ինչ գրական արժեքներ են ստեղծվել այդ լեզվով, ինչ փոփոխություններ է կրել այդ լեզուն։ Եվ սա, կարծում եմ, որ շատ ավելի կարևոր ու գլոբալ հարց է»,- ասաց Վահե Արսենը։