Այդ մարդիկ տարրական բան չեն հասկանում՝ Արցախը ներքաղաքական թեմաների մեջ ներքաշելը անթույլատրելի է, իսկ մարզ հռչակելը՝ աբսուրդ

Այդ մարդիկ տարրական բան չեն հասկանում՝ Արցախը ներքաղաքական թեմաների մեջ ներքաշելը անթույլատրելի է, իսկ մարզ հռչակելը՝ աբսուրդ

Արցախի ԱԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությունների շուրջ ստեղծված աղմուկից հետո չեն դադարում քննարկումները Փաշինյան-«Սասնա ծռեր» համագործակցության վերաբերյալ։ Թեպետ իշխանական խմբակցության պատգամավորներն այդ կապը հերքում են, այդուհանդերձ դրանք տարբեր շրջանակների կողմից մեկ ուղղվում են դեպի Փաշինյանի՝ իբրև թե մարտական թև ունենալուն ու «ահաբեկիչներին» սատարելուն, և մեկ էլ՝ իբրև թե այն հանգամանքին, որ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս վարչապետ Փաշինյանի, Արցախի հարցում վարում է «Սասնա ծռերի» քաղաքականությունը՝ Արցախը մարզ հռչակելու հետ կապված։ Եվ որպես այս ուղղվածության ապացույց ներկայացվում է այն փաստը, որ Փաշինյան-Բակո Սահակյան հանդիպման ժամանակ եղել է միայն Հայաստանի դրոշը, և բացակայում էր Արցախի դրոշը։ Ի դեպ՝ այս թեմայով պարզաբանում է արել վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ մասնավորապես նշելով. «Եղել են հանդիպումներ, որոնց ընթացքում տեղադրված են եղել երկու դրոշները, եղել են հանդիպումներ, որոնց ընթացքում տեղադրված է եղել միայն Հայաստանի Հանրապետության դրոշը: Մենք հիմա ճշտում ենք՝ ո՞րն է ճիշտ, և հաջորդ հանդիպմանը կլինի այնպես, ինչպես պահանջում է արարողակարգը»։ Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ նմանատիպ մեկնաբանությունները բովանդակային քննարկելն ու հերքելը անիմաստ է. «Որովհետև հիմա ինչ էլ ասվի՝ այդ մարդիկ հրաժարվում են հասկանալ, որ ներքաղաքական վեճերում Արցախը ներքաղաքական թեմայի վերածելը պարզապես անթույլատրելի է»։ Մեհրաբյանը հիշեցնում է՝ նախկին իշխանությունների ժամանակ օրվա ընդդիմությունը, նույնիսկ իմանալով, որ գործ ունենք հակաօրինական, ոչ լեգիտիմ իշխանության հետ, այնուամենայնիվ նման գայթակղությունների չէր տրվում. «Այս մարդիկ տարրական բաներ ոչ միայն չեն հասկանում, այլև հրաժարվում են հասկանալ։ Հետևաբար նույնիսկ իմաստ էլ չկա թաթախվել անպտուղ դիսկուրսի մեջ, թե ով ինչ է ասել, ինչ ուզում են՝ թող ասեն»։ Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախյան հարցում ունեցած դիրքորոշմանը, քաղաքագետը հստակեցրեց. «Վարչապետի արցախյան քաղաքականությունը Նիկոլ Փաշինյանի արցախյան քաղաքականությունն է, և ցանկացած անալոգիա կաղալու է, եթե մենք փորձենք անցկացնել…»: Մեր դիտարկմանը, թե դա ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումն է, ոչ էլ Արցախը մարզ հռչակելու քաղաքականությունը, Մեհրաբյանը պատասխանեց. «Կրկնում եմ՝ դա Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն է, և սխալ եմ համարում որևէ անալոգիա տանել մնացածի հետ։ Բայց մյուս կողմից էլ՝ այո՛, այսօր գործում են այն իրողությունները, որոնք ձևավորվել են վերջին 30 տարիների ընթացքում։ Այսինքն՝ մենք գործ ունենք մեկ հայրենիք, երկու պետություն իրողության հետ»։ Քաղաքագետն աբսուրդ է համարում Արցախը մարզ հռչակելու առաջարկը. «Նման մոտեցումն ընդհանրապես իրողություններից կտրված է, և դա ևս քննարկման առարկա չեմ համարում»։ Հետևելով թեմայի վերաբերյալ սոցցանցերի և լրատվամիջոցների քարոզչությանը՝ Մեհրաբյանը նկատում է՝ այն մասամբ է հասարակության վրա ազդեցություն ունենում։ Լուրջ ազդեցության մասին, ըստ քաղաքագետի, չարժե խոսել։