Վանեցյանի PR ակցիայի տապալումը. Ով է պարտության տերը…

Վանեցյանի PR ակցիայի տապալումը. Ով է պարտության տերը…

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանի հայտարարությունը, որում նա բացատրություն էր պահանջել ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանից, լայն արձագանք է ստացել երկրպագուների շրջանում: «Ֆուտբոլի ֆեդերացիայի «նախագահն» ինչո՞վ է զբաղված։ Ես բացատրություն եմ պահանջում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Արզումանյանը: Վերջինս ավելի ուշ Topsport.am-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանելով այս գրառումը՝ մասնավորապես ասել էր. «Իմ գրառումը վերաբերում էր նրան, որ այսօր մենք հայկական ֆուտբոլում տեսնում ենք շատ բացեր՝ թե՛ կառուցվածքային, թե՛ հավաքականի խաղին վերաբերող, սակայն ոչ մի պաշտոնական հայտարարություն չենք լսել ՀՖՖ նախագահի կողմից: Ընդունված է, որ կառույցի ղեկավարը հանդես գա հաշվետվությամբ, ամփոփի իր գործունեության արդյունքը: Հաճախ հնչում են մեղադրանքներ, որ Հայաստանի Բարձրագույն խմբում մրցավարները կողմնակալ են դատում, թիմերի ղեկավարները հայտնում են, որ ցանկանում են կառուցել դաշտեր, բայց աջակցություն չկա: Այս ամենում մեղադրում են Արմեն Մելիքբեկյանին, բայց ոչ ուղիղ տեքստով՝ նախագահին: Ինձ հետաքրքիր է՝ ի՞նչ է այս ամենի մասին մտածում պարոն Վանեցյանը, ինչո՞վ է նա զբաղված, որ ոչ մի արձագանք չի տալիս: Ինչո՞ւ նրան չեն ուղղում այս բոլոր հարցերը»: Հայաստանի ազգային հավաքականի վերջին հանդիպումներին սպասում էինք ազգովի: Մենք բացառիկ հնարավորություն ունեինք հայտնվելու Եվրոպայի 2020 թվականի առաջնության եզրափակիչ փուլում: Նման արդյունքի գրանցումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որակել էր պետական նշանակության խնդիր: «Պարոն Վանեցյանի հետագա գործունեության մի քանի սցենարներ ենք մենք քննարկել: Այս պահին, կարծում եմ, պարոն Վանեցյանը կկենտրոնանա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին Եվրոպայի առաջնության եզրափակիչ հատված դուրս բերելու շատ կարևոր և ազգային ու պետական նշանակության խնդրի լուծման վրա»,- հայտարարել էր վարչապետը: Ընտրական մրցաշարի ձախողումից օրեր անց հրաժարական տվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը, իսկ Վանեցյանը շարունակում է լռել: Գյուլբուդաղյանցը տղամարդկային քայլով իր վրա վերցրեց ձախողման ողջ պատասխանատվությունը: Ռոբերտ Արզումանյանի դիտարկումը Վանեցյանի լռության վերաբերյալ ոչ միայն տեղին էր, այլև այդ լռությունը խիստ վտանգավոր է հայկական ֆուտբոլի և վերջինիս հեռանկարի համար: Վանեցյանի լռությունը խոսում է թերևս մի բանի մասին: Ազգային հավաքականի տապալմանը մեկտեղ տապալվեց նաև Վանեցյանի տևական PR-ակցիան: Հայացք նետենք դեպի անցյալ: Մոտ մեկ ամիս առաջ, երբ Հայաստանի հավաքականը Երևանում տպավորիչ հաղթանակ տարավ Բոսնիայի նկատմամբ, Վանեցյանը անմիջապես գնաց հավաքականի հանդերձարան՝ շնորհավորելու տղաներին: Սա միանգամայն նորմալ երևույթ է: Բայց շնորհավորելու լուսանկարներն ու տեսանյութերը սոցիալական ցանցերում գովազդի միջոցով շարունակ տարածելը խոսում էր այլ բանի մասին: Տղաների հաղթանակը էժանագին եղանակով օգտագործվում էր որպես Վանեցյանի PR: Գնանք ավելի հետ: Օգոստոսին ՀՖՖ նախագահը առիթը բաց չէր թողել Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» սեփականատեր՝ ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի հետ հանդիպելու և մեկնել էր Լյուքսեմբուրգ, որտեղ մեր թիմը Եվրոպա լիգայի փլեյ-օֆում մրցել էր այս երկրի չեմպիոն «Դյուդելանժի» հետ: Հանդիպման առաջին կեսից հետո, երբ մեր թիմը հաղթում էր 1:0 հաշվով, և շատերը վստահ էին, որ «Արարատ-Արմենիան» դուրս կգա Եվրոպայի առաջնության խմբային փուլ, Ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտնվեց Վանեցյանի լուսանկարը Կարապետյանի հետ: Վերջիններս մարզադաշտում բարձր տպավորությամբ ըստ երևույթին սպասում էին մեծ հաղթանակի: Երկրորդ կեսում, սակայն, «Արարատ-Արմենիան» երկու գոլ ընդունեց, իսկ 11 մետրանոց հարվածաշարում պարտություն կրեց: Հերթական PR ակցիան փաստորեն մի փոքր սխալ էր հաշվարկված: Ինչո՞ւ, օրինակ, Ֆինլանդիայի հետ հանդիպումից հետո Ֆեյսբուքում չտեսանք լուսանկար, որում ՀՖՖ նախագահը քաջալերում էր պարտված տղաներին: Վե՞րջ, հա՞, ազգային թիմն ավարտե՞ց իր առաքելությունը: Տեղի ունեցածից հետո հարկ ենք համարում հիշել հայտնի ասացվածքը, որի համաձայն՝ հաղթանակը հազար տեր ունի, իսկ պարտությունն անտեր է: Ո՞վ է պարտության տերը: Ինչո՞ւ հավաքականն անտեր մնաց ձախողումից հետո: Հարցի պատասխանը թողնում ենք ընթերցողի հայեցողությանը: Հստակ է մի բան. մեր հավաքականը, մեր ֆուտբոլը չպետք է ունենա առաջնորդ, որը տղաների նվաճումը փորձում է կապել իր անձի հետ, իսկ տղաների անհաջողության դեպքում՝ ուղղակի լռում: Ազգային հավաքականի հաջողությունը մեր երկրի, մեր բոլորիս հաջողությունն է: Պարտությունը ևս բոլորինս է: