Դիվերսանտների փոխանակում չի լինի, պատմության վրա բիծ չենք քաշի. Ստեփանակերտի պատասխանը ռուս համանախագահ Պոպովին

Դիվերսանտների փոխանակում չի լինի, պատմության վրա բիծ չենք քաշի. Ստեփանակերտի պատասխանը ռուս համանախագահ Պոպովին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Երևան ու Ստեփանակերտ նշանավորվել է ռուս համանախագահ Իգոր Պոպովի հայտարարությամբ, թե Բակո Սահակյանի հետ քննարկել են «անազատության մեջ պահվող անձանց» հարցը: Ըստ երևույթին՝ Շուշիի բանտում պահվող երկու ադրբեջանցի մարդասպան դիվերսանտներն Ադրբեջանի ու Ռուսաստանի համար մեծ արժեք են ներկայացնում: Նաև ընդգծենք, որ ըստ լրատվամիջոցների տվյալների՝ այդ դիվերսանտներից մեկը Ռուսաստանի քաղաքացի է ու հատուկ ծառայությունների բարձրաստիճան սպա: Ավելի վաղ մեզ հետ զրույցում Արցախի նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը բացառել էր մարդասպան երկու դիվերսանտների փոխանակումը և հայտարարել, որ «դա հավասարազոր կլինի սաֆարովների, էնվեր փաշաների արդարացման»։ «Առաջին լրատվական»-ի այսօրվա հարցին՝ արդյոք երկու մարդասպանների փոխանակման հետ կապված ձե՞ռք է բերվել պայմանավորվածություն, Դավիթ Բաբայանն ասաց՝ փոխանակման մասին որևէ բան չի քննարկվել: «Մենք դեմ չենք, երբ փոխանակվում են մարդիկ, քաղաքացիներ, զինծառայողներ, որոնք պատահական հատել են սահմանը, առավել ևս՝ դեմ չենք և անբարոյական ենք համարում դիակների հետ կապված շահարկումները։ Բայց այս երկուսը հանցագործ մարդասպաններ են, դիվերսիոն հետախուզական ահաբեկչական գործողություններ են արել, որի արդյունքում երկու մարդ զոհվել է, ուստի մենք նրանց հետ տալ չենք կարող։ Կրկնում եմ՝ դա նույնը կլինի, ինչ Սաֆարովն այստեղ լիներ, ու հետ տայինք, նույնն է, որ արդարացնենք Էնվերին ու Թալեաթին, դրանից հետո ապամոնտաժենք Ծիծեռնակաբերդը. մենք այդ դեպքում բարոյական իրավունք չենք ունենա Գուրգեն Մարգարյանի շիրիմին ծաղիկ դնելու»,- հստակեցրեց Բաբայանը։ Նաև հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է առհասարակ այդ թեմայի շուրջ քննարկվել Մինսկի խմբի համանախագահների հետ. «Օրինակ՝ այն, որ հարազատները կարողանան գալ և տեսակցել իրենց բարեկամներին, ընդ որում՝ երկու կողմն էլ։ Արծարծվել է նաև այդ երկուսի հարազատների տեսակցության հարցը, բայց այդ ամենը դեռ քննարկման փուլում է։ Հետ տալու մասին խոսք անգամ չկա, սա այլ կատեգորիա է... այնպիսի մի պոռթկում է տեղի ունենալու Արցախում, որ անկանխատեսելի հետևանքներ կարող է լինեն, խայտառակ բիծ է լինելու»։ Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը հստակեցրեց՝ Ստեփանակերտը շահագրգռված է, որ մեր քաղաքացիներին հետ բերենք, բարոյական մեծ երկընտրանքի առաջ է: «Բայց փոխանակում չի լինի, մենք այդպիսի բիծ մեր պատմության վրա չենք քաշի»,- եզրափակեց նա։