Այս մարաթոնը հնարավորություն է տալիս Երևանը տեսնել այլ «ռակուրսից». Անահիտ Ադամյան

Երևանի քաղաքապետարանը «Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամի հետ հոկտեմբերի 13-ին անցկացրեց «Երևանյան մարաթոն» վազքի մրցույթը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով այս տարվա մրցույթի առանձնահատկություններին, «Արմ մարաթոն» հիմնադրամի հոգաբարաձուների խորհրդի նախագահ Անահիտ Ադամյանը հավաստիացրեց, որ այս տարվա «Երևանյան մարաթոնի» մասնակիցների թիվը կազմել է 2000, վազորդների մեկ երրորդը եղել են արտասահմանցիներ, մրցատարածությունը եղել է 42կմ. «Մեր մասնակիցները կարող են մասնակցել միջազգային մրցույթների՝ ցույց տալով այստեղ գրանցված արդյունքները»: Անահիտ Ադամյանի խոսքով՝ Երևանյան մարաթոնի նպատակը ոչ միայն Հայաստանում վազքի մշակույթը զարգացնելը և քաղաքացիների շրջանում առողջ ապրելակերպի խթանումն է, այլ նաև զբոսաշրջության խթանումը: Ա. Ադամյանը նշեց, որ մրցույթին մասնակցելու համար Հայաստան են ժամանել վազորդներ 60 երկրից. «Հիմնական խմբերը գալիս են Ռուսաստանից և Վրաստանից, ինչպես նաև Իրանից, Եվրոպայից, ԱՄՆ-ից»: «Այս մարաթոնին մասնակցելը նախևառաջ օգտակար է վազորդի առողջության համար, բացի դրանից՝ հնարավորություն է տրվում մասնակցել բարեգործությանը, տեսնել Երևանը՝ բոլորովին այլ «ռակուրսից»: Պրոֆեսիոնալ սպորտից դուրս ենք գալիս և մտնում այլ տարածք, որը կոչվում է զանգվածային սպորտ. այն հասանելի է յուրաքանչյուրին»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այս տարվա մարաթոնից ստացված հասույթը նույնպես կօգտագործվի բարեգործական նպատակով՝ այն կտրամադրվի մի ծրագրի, որով նախատեսվում է լսողության խնդիրներով երեխաների համար հատուկ դպրոցում թերապիայի սենյակ ստեղծել:   Մանրամասն տեսանյութում: