Հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիները, Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատանը նախապես տեղեկացնելու դեպքում, կարող են այցելել Ադրբեջան. Մամեդյարով

Հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիները, Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատանը նախապես տեղեկացնելու դեպքում, կարող են այցելել Ադրբեջան. Մամեդյարով

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիները կարող են այցելել Ադրբեջան, սակայն այդ մասին պետք է տեղեկացնեն Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատանը՝ ղարաբաղյան հակամարտության պատճառով «հուզական ֆոնից» խուսափելու համար: Ավելի վաղ Ռուսաստանի քաղաքացի Քրիստինա Գևորգյանը Facebook-ում գրել էր, որ 13 ժամ անցկացրել է Բաքվի միջազգային օդանավակայանում և չի կարողացել մուտք գործել երկիր: Գևորգյանն ասել է, որ բացի իրենից, ևս երկու ընտանիք է նման իրավիճակում հայտնվել՝ հարազատներից մեկի հայկական ազգանվան պատճառով: Ադրբեջանի արտգործնախարարությունը նշել է, որ Գևորգյանի հետ կատարվածը մասնավոր դեպք է և ադրբեջանա-ռուսական հարաբերություններում խնդիրներ չկան: Իր հերթին, ՌԴ արտգործնախարարությունը հայտարարել է, որ հայկական արմատներով ռուսաստանցու մուտքը երկիր արգելելու Բաքվի մոտեցումն անընդունելի է: «Եթե կան Ռուսաստանի հայկական ազգանուններով քաղաքացիներ, որոնք ցանկանում են մեկնել Ադրբեջան, ապա՝ խնդրեմ: Բայց, մեր դեսպանատանը տեղեկացնելուց հետո, քանի որ մենք ունենք Ռուսաստանի հետ առանց վիզայի մուտք և նախապես ստացված տեղեկատվությունը թույլ կտա կանխել ցանկացած անախորժություն: Մենք միշտ բաց ենք խոսում այս թեմայի շուրջ ռուսական կողմի հետ», - ասել է Մամեդյարովը «Իզվեստիա» պարբերականի հետ զրույցում: