Էրդողանը չի բացառել, որ իր առաջիկա այցն ԱՄՆ չի կայանա

Էրդողանը չի բացառել, որ իր առաջիկա այցն ԱՄՆ չի կայանա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել, որ նոյեմբերին նախատեսվող իր այցը ԱՄՆ չի կայանա այն դեպքում, երբ հոկտեմբերին ՌԴ պլանավորված այցի հարցում խնդիրներ չկան: «Ռուսաստան իմ այցի հարցում ոչ մի բացասական բան չկա եւ, ամենայն հավանականությամբ, այցը կկայանա: Ինչ վերաբերում Է ԱՄՆ իմ այցին, ապա դա մենք կգնահատենք այն բանից հետո, երբ բանակցություններ կանցկացվեն ամերիկյան պատվիրակության հետ, որը ժամանելու Է այստեղ, որովհետեւ բանավեճերը, որոնք տեղի են ունենում Կոնգրեսում եւ վերաբերում են անձամբ ինձ, իմ ընտանիքին, իմ գործընկեր նախարարներին, մեծ անարգանք Է Թուրքիայի Հանրապետությանը»,-ասել Է Էրդողանը լրագրողներին: Հոկտեմբերի 9-ին Էրդողանը հայտարարել Է Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունն սկսելու մասին: Դրա նպատակն արաբական հանրապետության հյուսիսում բուֆերային գոտու ստեղծումն Է, որը պետք Է պաշտպանական գոտի դառնա Թուրքիայի սահմանի համար եւ ուր, Անկարայի մտահղացմամբ, Թուրքիայից կկարողանան վերադառնալ սիրիացի փախստականները: ԱՄՆ-ը դատապարտել Է Թուրքիայի գործողությունները, իսկ եվրոպական երկրները կոչ են արել Անկարային անհապաղ դադարեցնել միակողմանի ռազմական գործողությունները, որոնք սպառնում են տարածաշրջանի իրադրության ապակայունացմամբ եւ վիժեցնում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի արդյունքները: Ավելի վաղ մի շարք եվրոպական երկրներ կասեցրել են զենքի մատակարարումը Թուրքիային, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: