Beeline-ի աջակցությամբ  110 դպրոցականներ սովորեցին օգտվել թվային հնարավորություններից

Beeline-ի աջակցությամբ 110 դպրոցականներ սովորեցին օգտվել թվային հնարավորություններից

9 հոկտեմբերի 2019 թ., Երևան.  Հայաստանում Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի համատեղ իրականացվող «Թվային հնարավորություններ» ծրագրի շրջանակներում ավարտվեց դասընթացների փուլը: Հայաստանի 4 մարզերի 10 դպրոցների 110 աշակերտներ մասնակցեցին 4 փուլով անցկացված դասընթացներին: Ծրագրի շնորհիվ երեխաներն արդեն կարող են տարբեր տեսակի թվայնացված միջոցներ ընտրել ու գործածել՝ թվայնացված նյութ ստեղծելիս, արդյունավետ օգտագործել ՏՀՏ-ը (Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաներ)՝ տեղեկատվություն ստանալիս, պահպանելիս և կազմակերպելիս, գիտեն ՏՀՏ-ի օգտագործման բնագավառները և դրանց առավելությունները, կարողանում են ստեղծել բովանդակություն: «Դասընթացների փուլի ավարտին հստակ ընդգծվեց այն փաստը, որ մարզերում ՏՀՏ-ի տարածումն ու դրա կիրառումը շատ հաճախ սկսվում և ավարտվում է սոցիալական ցանցերում կենցաղային շփումներով: Մարզային դպրոցներում հատկապես զգալի է ոչ բավարար տեխնիկական հագեցվածության խնդիրը: Հատկանշական է, որ այս պայմաններում ևս դպրոցականները սիրով, մեծ ձգտմամբ ու շատ արդյունավետ սովորում ու կուտակում են թվային ոլորտի նոր գիտելիք: Տեղական ընկերությունների համար իսկապես շնորհակալ գործ կլինի ներդրում ունենալ և՛ համայնքների դպրոցների համակարգչային տեխնիկական զինման գործում, և՛ երեխաների կրթության առաջընթացում», - նշեց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը: «Թվային տեխնոլոգիաներն աշխարհի ապագան են, և համապատասխան հմտությունները երեխաների առջև անսահմանափակ հնարավորություններ կբացեն, քանի որ այսօր ամենահասարակ սմարթֆոնը և ինտերնետի հասանելիությունը հզոր գործիքներ են ուսման, աշխատանքի և կենցաղի մեջ։ Ուրախ ենք գիտակցել, որ այս նախագիծը մեր երեխաներին տվեց այսօրվա դրությամբ այդքան կարևոր գիտելիքները», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: Առջևում է աշխատաժողովի փուլը, որ կմեկնարկի հոկտեմբերի 16-ին: Այս փուլում ծրագրի խոսնակները ելույթներ կունենան նոր տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման և կրթական գործընթացներում դրանց արդյունավետ օգտագործման կարևորության ու դրանց հետագա զարգացումների մասին։ Ինչպես նաև փորձագետները կհանդիպեն համայնքների թիմերի հետ, ինչի արդյունքում երեխաները նախորդ փուլերում ձեռք բերած տեսական և փորձնական գիտելիքները կօգտագործեն՝ ստեղծելով իրենց պատկերացմամբ դասապրոցեսում հետագայում հնարավոր օգտագործվող ՏՏ գործիքներով իրենց մտահղացումները և կներկայացնեն դրանք ժյուրիի գնահատմանը։