FAST-ի հիմնադիր-նախագահը մասնակցեց WCIT-ի շրջանակում կազմակերպված բարձր մակարդակի քննարկմանը

FAST-ի հիմնադիր-նախագահը մասնակցեց WCIT-ի շրջանակում կազմակերպված բարձր մակարդակի քննարկմանը

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային կոնգրեսի` WCIT-ի շրջանակում հոկտեմբերի 7-ին, կայացավ նշանակալի միջոցառումներից մեկը` «Տեխնոլոգիաների ուժը` հանուն ազդեցության. տարածաշրջանային համագործակցության հեռանկարներ» քննարկումը, որը կազմակերպվել էր Հայաստանի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համատեղ ջանքերով: «Տեխնոլոգիաների ուժը` հանուն ազդեցության. տարածաշրջանային համագործակցության հեռանկարներ» քննարկմանը ներկա էին բարձր տեխնոլոգիաները համակարգող ոլորտի նախարարներ, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների բարձրաստիճան կառավարական պաշտոնյաներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, ՄԱԿ-ի Զարգացման գործակալությունների, բիզնես համայնքի, հետազոտական և կրթական ինստիտուտների ներկայացուցիչներ, ովքեր քննարկեցին, թե ինչպես ՍԾՏՀ տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս նորարարական տեխնոլոգիաները և դրանց առաջարկած լուծումները ծառայեցնել պետական քաղաքականության կայացմանը` համակարգային փոփոխություններին և կայուն զարգացմանը: Հայաստանի գիտությունների և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հիմնադիր-նախագահ Արմեն Օրուջյանը ևս մասնակցեց «Տեխնոլոգիաների ուժը` հանուն ազդեցության. տարածաշրջանային համագործակցության հեռանկարներ» խորագրով բարձր մակարդակի քննարկմանը և հանդես եկավ «Ինովացիոն Հայաստան 2041: Էկոհամակարգի մոտեցում» ելույթով, որում անդրադարձավ կայուն զարգացման նպատակներին և հիմնադարամի որդեգրած մոտեցմանը: Իր խոսքում Օրուջյանը նշեց, որ կայուն զարգացման նպատակների վրա կենտրոնանալու փոխարեն FAST-ը որդեգրեց յուրահատուկ մոտեցում. «Մենք սկսեցինք մտածել, թե 2019թ-ին գիտության և տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունների դեպքում, ի՞նչ է հարկավոր մարդու հաջողության հասնելու համար: Ինչպե՞ս ստեղծել էկոհամակարգ, որն ամենաարդյունավետն է մարդկանց ապագայի համար»: Որպես ինովացիոն էկոհամակարգի ձևավորման հիմնական գործոն բանախոսը կարևորեց կրթության որակի ապահովումը. «Կայուն զարգացման չորրորդ գործոնը որակյալ կրթությունն է: Մենք դիտարկում ենք ամբողջ սպեկտորը, ուսումնասիրելով երեք հիմնական բաղադրիչները` ենթակառուցվածքը, մարդկային կապիտալը և կրթական ծրագիրը»: Նշենք, որ տեխնլոգիական հոկտեմբերը շարունակվելու է FAST հիմնադրամի կողմից կազմակերպված «Գլոբալ ինովացիոն ֆորում»-ով, որն այս տարի կրում է «Վերափոխելով բանականությունը» խորագիրը: (GIF19: Transforming Intelligence): Հոկտեմբերի 16-18-ը Հայաստանը կհյուրընկալի Facebook AI-ի, Google DeepMind-ի, GoogleBrain-ի, Microsoft-ի, նորարարական ոլորտի այլ հեղինակավոր կազմակերպությունների, աշխարհի առաջատար համալսարանների և Սիլիկոնյան հովտում գործող ամենահաջողակ ստարտափերի ներկայացուցիչներին: GIF19: Transforming Intelligence ֆորումը բացառիկ հնարավորություն կընձեռի ոչ միայն ունկնդրել 19 երկրների 80-ից ավել խոսնակներին, այլ նաև բանավիճել արհեստական բանականությանը վերաբերող տարատեսակ թեմաների շուրջ և մասնագիտական կապեր հաստատել նրանց հետ: