ՍԴ որոշումով Քոչարյանը չի կարող ազատվել քրեական հետապնդումից. ինչ կորոշի դատավոր Դանիբեկյանը

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր խորհրդարանում արտահերթ ելույթ է ունեցել և մասնավորապես անդրադարձել Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ ՍԴ որոշմանը, այն համարել ոչ լեգիտիմ: Ինչո՞ւ է ՍԴ-ի ճգնաժամը հաղթահարելու պահանջը դնում ԱԺ-ն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին՝ փաստաբան Տիգրան Եգորյանը նկատեց, որ այս քայլը վաղուց սպասվող անհրաժեշտ քայլ էր, և հենց ԱԺ-ն է այն առանցքային դերակատարը, որը պետք է չափազանց մեծ ուշադրությամբ և վերահսկողությամբ վերաբերվի սահմանադրականության պահպանման, կատարման և իրագործման հարցերին: «Այսօր, ըստ Սահմանադրության, ՀՀ իշխանության տիրոջ՝ ժողովրդի միակ ներկայացուցչական մարմինը Ագային ժողովն է, և բոլոր այն հարցերի դեպքում, որոնք վտանգ են սպառնում Սահմանադրությանը և ժողովրդի իշխանությանը, առաջին պաշտպանը ԱԺ-ն է, որն իր հերթին պարտականություն ունի նաև մյուս սահմանադրական մարմիններին դիմել ուղերձներով կամ հայտարարություններով, որոնք Սահմանադրության կատարման և պահպանման նպատակ պետք է հետապնդեն»: Հիշեցնենք՝ Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատարանը սեպտեմբերի 12-ին հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու։ Գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ ակտը կհրապարակվի սեպտեմբերի 17-ին: Անդրադառնալով հարցին, թե ինչ կարևորություն կունենա դատարանի վաղվա որոշումը՝ փաստաբան Լուսինե Հակոբյանը նշեց. «Դատական համակարգը սաբոտաժի է ենթարկում հեղափոխությունը և չի ձգտում բռնել ժողովրդավարացման ուղին: Այդ համատեքստում պետք է դիտարկել վաղվա դատական նիստը և որոշումը, որը կկայացվի»: Տիգրան Եգորյանն ընդգծեց, որ եթե անգամ սահմանադրական ճգնաժամ չլիներ, բացի որոշման բովանդակությունից՝ կա ևս մի խնդիր. «Այն, որ այդ որոշումն ընդունվել է այնպիսի պայմաններում, որ ըստ 2010թ. ՍԴ ընդունած դիրքորոշման, այդ դատական ակտը չի կարող համարվել անկախ և անկողմնակալ դատարանի կողմից կայացված ակտ և չի կարող գործադրվել»: «ՍԴ որոշմամբ  Քոչարյանը չի կարող ազատվել քրեկան հետապնդումից»,- ընդգծեց փաստաբանը: Մանրամասն՝ տեսանյութում: