Վանեցյանը քաղաքական հայտ ներկայացրեց. գեներալի կոչում ստացած անձը պետք է բացատրություն տա

Շաբաթը սկսվեց վարչապետի վանաձորյան ասուլիսով, որի ժամանակ էլ հաստատվեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի լուրը: Իր հրաժարականի մասին հայտարարություն է տարածել նաև Արթուր Վանեցյանը: Այդ հայտարարությունից մի դրվագ արժանի է մեջբերման. «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են»: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին վերլուծաբան Հակոբ Բադալյանը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը և քաղաքագետ Գոռ Հակոբյանը: Հակոբ Բադալյանի խոսքով՝ առերևույթ նշաններ չկային, որ մոտ է այդպիսի հրաժարականը՝ բացի մամուլում եղած մի քանի հրապարակումներից: «Ընդհանուր առմամբ՝ հետհեղափոխական իշխանության ձևավորման տրամաբանությունը այսպիսի շատ առիթներ է ենթադրում, հետհեղափոխական իրավիճակը ենթադրում է շահերի բաժանում, ի հայտ են գալիս պատկերացումների տարբերություններ հետագա զարգացումների վերաբերյալ և բաժանարար գծեր են առաջանում, իշխանությունն այս ամենի միջով անխուսափելիորեն անցնելու է, կլինեն կադրային փոփոխություններ»,- նշեց վերլուծաբանը: «Կարճ ժամանակ առաջ Արթուր Վանեցյանին գեներալի կոչում տրվեց, պետք է ենթադրել, որ այդ ժամանակ տարաձանություններ չկային,- նշեց Արթուր Սաքունցը ՝ հավելելով՝ հարց է առաջանում. գեներալի կոչում ստանալու ժամանակ Վանեցյանը տեղյակ չէ՞ր խնդիրների մասին: Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ Վանեցյանի հայտարարությունը նման է դուռը շրխկացնելով հեռանալուն. ԱԱԾ պետը հանդես է եկել քաղաքական հայտարարությամբ: Դա նման է քաղաքական հայտ ներկայացնելուն: Ա. Սաքունցը նաև հավելեց, որ նոր իշխանությունը փնտրտուքների մեջ է, կադրային բանկ չկա, նոր պետական կառավարման մշակույթ չկա: Գոռ Հակոբյանի կարծիքով՝ իշխանության վերաբաժանումների և ազդեցության պայքար է գնացել, որի արդյունքում Արթուր Վանեցյանը հրաժարական է տվել:   Մանրամասն՝ տեսանյութում: