Երևանը այլևս չի պատրաստվում առաջվա պես խոնարհվել դաշնակից հորջորջվող պետությունների կամայականություններին

Կարծես թե Հայաստանի արտաքին քաղաքականությունն աստիճանաբար փոխում է իր տրամաբանությունը՝ մեխանիկական արձագանքողի կարգավիճակից փոխակերպվելով նախաձեռնողի կարգավիճակի: Միգուցե վերոհիշյալ գնահատականը մի փոքր չափազանցված է, բայց, այնուամենայնիվ, դրա նախանշանները ոնց որ թե երևում են: Ասվածի վկայությունը ԱԳՆ-ի արձագանքն է Ադրբեջանին զենք վաճառող ՀԱՊԿ անդամ երկրներին՝ Ռուսաստանին և Բելառուսին:  Մասնավորապես ԱԳՆ խոսնակ ԱՆՆա Նաղդալյանը շեշտադրել է, որ ՀԱՊԿ որոշ անդամների կողմից Ադրբեջանին զենք վաճառելու պրակտիկան հեղանակզրկում է կազմակերպությունը: Սրանից կարող ենք ենթադրել, որ սայլը ի վերջո տեղից շարժվում է և պաշտոնական Երևանը այլևս չի պատրաստվում առաջվա պես խոնարհվել դաշնակից հորջորջվող պետությունների կամայականություններին: Այստեղ կարևորը ինքնիշխանության հարցն է, քանի որ պաշտոնական Երևանը, չնայած այն հանգամանքին, որ ՀԱՊԿ ու ԵԱՏՄ անդամ է, այնուամենայնիվ, շեշտադրում  և ի տես աշխարհի ցուցադրում է, որ իր արտաքին քաղաքականության հիմքում ինքնիշխանությունն է և ինքնուրույն սեփական ճակատագիրը որոշելու կարողությունը:  Մոսկվան պետք է հաշվի նստի այն իրողության հետ, որ Ադրբեջանին տրամադրվող զենքի ամեն մի խմբաքանակը մեկ քայլով հեռացնում է Հայաստանին Ռուսաստանից, և չի բացառվում, որ ինչ-որ մի օր ռուսները զրկվեն Հարավային Կովկասի իրենց վստահելի և ամուր դաշնակցից: