Վրաստանի իշխանությունները չեն պաշտպանել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու ընդդիմության գաղափարը

Վրաստանի իշխանությունները չեն պաշտպանել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու ընդդիմության գաղափարը

«Վրացական երազանք» կառավարող կուսակցությունը հանդես է գալիս «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության նախաձեռնության դեմ, որն առաջարկում է դիմել ԱՄՆ-ին և Եվրամիությանը Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու կոչով: Այդ մասին հայտարարել է կուսակցության խորհրդարանական խմբակցության առաջնորդ Գիա Վոլսկին՝ տեղեկացնում է RIA Novosti-ն։ «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը պատրաստել է բանաձև, որը ենթադրում է ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցների սահմանում, այդ թվում՝ պատժամիջոցների սահմանում բոլոր այն ընկերությունների նկատմամբ, որոնք տնտեսական գործունեություն են իրականացնում Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներում: «Ցանկացած երկիր, որը ճանաչում է Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանի անկախությունը, հայտնվում է ԱՄՆ-ի պատժամիջոցների ներքո: Այդ ուղղությամբ լրացուցիչ քայլերը կհանգեցնեն Ռուսաստանի կողմից տնտեսական պատժամիջոցների»,- հայտարարել է Վոլսկին սեպտեմբերի 16-ին կայացած ճեպազրույցում: Նրա խոսքով՝ ընդդիմադիր կուսակցության նպատակն իրականում ազնիվ նկատառումներից չի բխում և այն, որ բանաձևի ընդունումը լրացուցիչ պատժամիջոցների կհանգեցնի ՌԴ-ի կողմից, ընդդիմադիրներին հայտնի է: «Եվրոպայի և Չինաստանի հետ ազատ առևտրի մասին մեր պայմանագիրը և մեր արտահանական շուկայի ընդլայնումն աննախադեպ է: Սակայն գոյություն ունի նաև ռուսաստանյան շուկա, որը նույնպես զգալիորեն պայմանավորում է ոչ միայն Վրաստանի, այլև այն երկրների տնտեսական դրությունը, որոնց հետ մենք առևտուր ենք անում»,- հավելել է Վոլսկին։