Արարատ Միրզոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ջուդիթ Ֆարնուորթի հետ

Արարատ Միրզոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ջուդիթ Ֆարնուորթի հետ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 16-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթի հետ, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: «Այս ընթացքում մենք հասցրինք բավականին արդյունավետ աշխատել և հուսով եմ, որ հետագայում գործընկերային այս հարաբերությունները կշարունակվեն»,- ասել է Արարատ Միրզոյանը դեսպանին: ՀՀ ԱԺ նախագահը եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին Հայաստանի Հանրապետությունում ընտրական գործընթացների աջակցության ծրագրին մասնակցության համար, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» այժմ իրականացվող ծրագրին մասնակցելու համար: «Եվ իսկապես ցավում եմ, որ Ձեզ համար կարևոր այս ծրագիրն արդեն առանց Ձեր մասնակցության կիրականացվի»,- ասել է Արարատ Միրզոյանը: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին արդյունավետ համագործակցության համար: