Քոչարյանին էլի հարց ունեմ տալու․ Մարտի 1-ի զոհերի հարազատները մտավախություն ունեն

Այսօր խորհրդարանում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արտահերթ ելույթ է ունեցել և անդրադարձել Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ ՍԴ որոշմանը, այն համարել ոչ լեգիտիմ: ԱԺ նախագահը նշել է, որ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործը քննելիս և իր որոշումը կայացնելիս Սահմանադրական դատարանը պատշաճ քննարկման առարկա չի դարձրել և առանց հիմնավոր պատճառաբանության մերժել է առերևույթ կողմնակալության հիմքով ՍԴ երեք անդամի՝ գործի քննությանը մասնակցության անհնարինության վերաբերյալ ՍԴ դատավորի դիմումը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Մարտի 1-ին սպանված Արմեն Ֆարմանյանի հոր՝ Վաչագան Ֆարմանյանի և Մարտի 1-ին սպանված Գոռ Քլոյանի հոր՝ Սարգիս Քլոյանի հետ: Անդրադառնալով դիտարկմանը, որ խորհրդարանը վերջապես սթափվեց և որոշեց արձագանքել ՍԴ ճգնաժամին՝ Սարգիս Քլոյանը նշեց. «Լավ է, որ Ազգային ժողովն այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ. սպասում ենք, թե վերջնական արդյունքում ինչի կհասնենք»: Քոչարյանի և մյուս երեք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատական նիստի ընթացքի վերաբերյալ Սարգիս Քլոյանը նշեց. «Դատական պրոցեսը հետաքրքիր էր ընթանում, ինձ գոհացերց այն, որ դատավորը տուժողներին և նրանց իրավահաջորդներին թույլատրեց ազատ խոսքի իրավունքը կիրառել, արտահայտվել: Մենք Քոչարյանին սուր հարցեր տվեցինք: Դատավորը կաշկանդված չէր, դա մեզ գոհացրեց… Անհամբեր սպասում ենք սեպտեմբերի 17-ի դատական նիստին և դատարանի որոշմանը: Ես ամբաստանյալ Քոչարյանին մի սուր հարց տվեցի. «Դուք Սերժ Սարգսյանի հետ մտերիմներ էիք, մի հող ու ջրի մարդ էիք, ի՞նչն էր խանգարում Մարտի 1-ի էջը բացել և փակել… Քոչարյանը մատնացույց արեց դատախազությանը: Ի՞նչ ասեմ դատախազությանը, դատախազը Աղվան Հովսեփյանն էր, որը 10 տարի ծածկադմփոց արեց: Նրանք երբեք չէին կտրի այն ճյուղը, որի վրա իրենք նստած էին: Ես Քոչարյանին էլի հարց ունեմ տալու, ասելու եմ՝ մեղադրյա՛լ Քոչարյանն, ի՞նչն էր խանգարում հրաման արձակել՝ չկրակել ժողովրդի վրա: Իսկ դու միտումնավոր երկու զոհ տվեցիր, որ արտակարգ դրության ռեժիմ հայտարարեիր...»: Հարցին, թե արդյո՞ք իրեն միակ տղամարդ բնորոշող Քոչարյանը տղամարդկություն կունենա և պատասխանատվություն կստանձնի իր արածի համար, Քլոյանը պատասխանեց. «Նա չի գնա նման քայլի… Բայց այնքան ապացույցներ կան, որ Քոչարյանի փաստաբաններն ասելիք չեն ունենա, կհրաժարվեն պաշտպանել նրան»: «Ակնկալում ենք, որ Քոչարյանը կմնա անազատության մեջ,- նշում են Մարտի 1-զոհերի հարազատները, բայց ունեն մտավախություն. «Եթե, իհարկե, ջուրը չպղտորվի… Եթե վաղը Քոչարյանը մնաց կալանքի տակ, դատավարությունը մաքուր է եղել, եթե չմնաց, ուրեմն «դիպլոմատը» մեծ է եղել»:   Մանրամասն՝ տեսանյութում: