Կառավարությունում որոշակի գործընթացներ են․ Վանեցյանի հրաժարականը հետևա՞նք, թե՞ պատճառ

«Կարծում եմ՝ սա նշան է, որ կառավարությունում գնում են որոշակի գործընթացներ, որոնք ունեն խորքային խնդիրներ: Եվ սա ոչ թե հետևանք էր, այլ պատճառներից մեկն էր, որովհետև կա երկու տարբերակ. կա՛մ կոմպետենտության խնդիր կա, որը, կարծում եմ, նոր չէր, որ պետք է բացահայտվեր, կա՛մ կարող էր լինել քաղաքական կուրսին ոչ համահունչ լինելու խնդիր: Բայց այն, որ վերջին շրջանում կան բավականին իրարամերժ գործընթացներ և՛ Ազգային ժողովում, և՛ կառավարության շրջանակներում՝ դա բոլորի համար էլ ակնհայտ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության համահիմնադիր Սուրեն Պետրոսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին աշխատանքից ազատելու միջնորդությունը ստորագրելու վերաբերյալ: Նրա խոսքով՝ Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցությունը մեկ հարցի շուրջ ունենում է երեք-չորս դիրքորոշում. «Խոսքն այն մասին չէ, որ բոլորը պետք է միաձայն կողմ լինեն վարչապետի կողմից արտահայտված դիրքորոշման, սակայն կա կոնսենսուս, որ պետք է դուրս չգա խմբակցության շրջանակներից: Նույնը կա նաև կառավարությունում: Իրականում խնդիրը չհստակեցված տեսլականն է: Պետությունը չունի տեսլական, չի կարողանում գտնել պատասխանատվության օղակը, որ ինքը կրի պատասխանատվություն»: Սուրեն Պետրոսյանը նշեց, որ դեռևս ոչ մեկը չի սահմանել, թե ինչ է հեղափոխության արժեք. «Ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը դեռևս ժողովրդավարության արժեք չեն: Մենք մինչև այսօր չենք կարողանում բռնել իշխանության թելը, չենք կարողանում գիտակցել՝ որն է իշխանությունը, որոնք են մեր լիազորությունները, ինչ պետք է անենք, երբ պետք է անենք և ում միջոցով պետք է անենք»: Մեր զրուցակցի խոսքով՝ կա մեկ ելք, որը մենք ունենք հանրապետությունում և կոչվում է «բալագանի ոգի». «Այդ բալագանի ոգին հենց այս իրավիճակի համար է, երբ մարդը հինը լքում է, բայց չի որդեգրում նորը: Այդ միջանկյալ հատվածում լինում է բալագանի ոգի: Դա արտահայտվում է 3 կերպ՝ մշակույթը լինում է նյարդային, իրավունքը՝ էլաստիկ, իսկ կրոնը՝ սենտիմենտալ: Մեր հանրապետությունում այս 3 գործոնները գրեթե 100 տոկոսով առկա են»:   Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: