Ով է ճակատամարտի հրամանատարը․ Փառահեղ հաղթանակի անատոմիան

Ով է ճակատամարտի հրամանատարը․ Փառահեղ հաղթանակի անատոմիան

Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է պայքարը 2020 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար: Իտալիայի հետ հանդիպումից առաջ հիասթափված էինք: Հիասթափված էինք քանզի վստահ էինք, որ եթե հանդիպման գլխավոր մրցավարը կոպիտ սխալ թույլ չտար և դաշտից չհեռացներ Ալեքսանդր Կարապետյանին, գոնե ոչ-ոքի կխաղայինք: Հիասթափությանը մեկտեղ, սակայն հիացած էինք մեր հավաքականի ցուցադրած խաղով և շտապում էինք պնդել, որ արդեն իսկ ունենք ձևավորված և մարտունակ կոլեկտիվ: Այսօր համոզվեցինք, որ նման պնդումներ անելով ամենևին չենք սխալվել: Ոմանք մտածում էին, որ Իտալիայի դեմ տպավորիչ խաղի գլխավոր նախապայմանը մարտական էմոցիաներն էին, որոնք կուտակվել էին ֆուտբոլիստների մոտ: Բոսնիայի հետ հանդիպումը լավ առիթ էր փարատելու նման կարծիքներ և ցույց տալու, որ Հայաստանի ազգային հավաքականը նախկինը չէ: Հավաքական, որը առանց պայքարելու միավորներ էր բաժանում միջին և նույնիսկ ցածր մակարդակի մրցակիցներին: Բոսնիայի հետ հանդիպումից առաջ միակ մտավախությունն այն էր, որ ծանր պայքարից հետո ֆուտբոլիստները չեն հասցնի վերականգնվել և որ կենտրոնական հարձակվողի գոտին դատարկ կմնա: Նման իրավիճակում անհրաժեշտ էր տակտիկական բավական նուրբ լուծումներ գտնել: Մրցակիցը կարգով ավելի բարձր էր և բնական է, որ հյուրերի հաղթանակի հնարավորությունը շատ ավելի բարձր էր գնահատվում: Կոլաշինաց-Պյանիչ-Ջեկո: Բոսնիայի հավաքականի արդեն իսկ նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեկչին հենց այս եռյակի շուրջ էր կառուցել խաղը: Եվ պետք է ընդունենք, որ վատ չէր կառուցել: Դաշտի միջին հատվածում և առջևի գծում բոսնիացիների գործողությունները ավելի քան սուր էին: Կարծում ենք չենք սխավլի եթե պնդենք, որ Բոսնիայի կիսապաշտպանական և հարձակման օղակները ոչ միայն չէին զիջում այլև գերազանցում էին Իտալիայի պես հավաքականի խաղային օղակներին: Առաջին կեսի վերջնամասում մրցակիցը զգալի առավելություն ուներ և թվում էր թե երկրորդ կեսում մեր հավաքականի վերջնականապես կսեղմի պաշտպանական գոտում: Այն ինչ տեղի ունեցավ հանդիպման երկրորդ կեսում կարելի է որակել թերևս այսպես, հրամանատարը վճռեց ճակատամարտի ելքը: Շատերն այն կարծիքին են, որ մերոնք հաղթեցին Հենրիխ Մխիթարյանի փայլուն խաղի շնորիվ: Մխիթարյանն իսկապես փայլուն ֆուտբոլ ցուցադրեց, փայլուն կերպով կատարելով դաշտի հրամանատարի դերը: Ճակատամարտի հրամանատարը, սակայն գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն էր, որը տակտիկական առումով ուղղակի քանդեց հզոր մրցակցի դիմադրությունը: Եթե չլիներ ճակատամարտի հրամանատարի որոշումների հրահանգներն, ապա դաշտի հրամանատարը նման արդյունավետությամբ աչքի չէր ընկնի: Երկրորդ կեսին մերոնք սեղմեցին մրցակցին պաշտպանական գոտում և առաջին 15 րոպեներին կարող էին նույնիսկ երկու անգամ գրավել մրցակցի դարպասը: Մերոնց կողմից գործի դրված պրեսինգը առաջին լուրջ հարվածն էր Բոսնիայի խաղային մոդելին: Այո, երկրորդ գոլի դրվագում տեղի ունեցավ ձախողում, բայց նման լարված խաղերում ընդունենք, որ սխալվելու հավանականությունը մեծ է: Ռոբերտ Պրոսինեչկին ըստ էության ոչնչով չկարողացավ պատասխանել իր գործընկերոջը: Ստեղծված իրավիճակում աշխատեցին այն կոմբինացիոն լուծումները, որոնք նախապես մշակվել էին: Այսքանից հետո մնում է ասել, բրավո Արմեն Գյուլբուդաղյանց, բրավո Հենրիխ Մխիթարյան: Շնորհակալություն ենք հայտնում նաև Հայաստանի հավաքականի բոլոր ֆուտբոլիստներին, որոնք աչքի ընկան կամային բարձր որակներով: Այս դիմակայության պարտվողը դուրս էր մնալու 2-րդ հորիզոնականի համար պայքարից: Երեկվա հանդիպումը փոքրիկ եզրափակիչ էր, որն ավարտվեց Հայաստանի հաղթանակով: «Շատ ուրախ եմ, որ տղաների այս մեծ աշխատանքը, նվիրվածությունը, ցանկությունը, մեր ժողովրդի աջակցությունը չկորավ: Հենրիխ Մխիթարյանն իսկապես առաջատարի պես տարավ թիմն իր հետևից: Մեծ ծավալի, սևագործ աշխատանք տարավ: Անգամ այն տղաները, ովքեր չխաղացին, բոլորի էներգետիկան օգնեց, որ տանենք այս հաղթանակը: Մենք հիմա արդեն պատրաստվում ենք Լիխտենշտեյնի հետ խաղին: Եթե միավորները հիմա հաշվենք՝ այո, վերադարձել ենք ուղեգրի համար պայքարին: Բայց մենք նախ պատրաստվելու ենք Լիխտենշտեյնի, հետո՝ Ֆինլանդիայի հետ խաղին: Դրանից հետո միայն կհաշվենք միավորները», խաղից հետո ասել է Գյուլբուդաղյանցը: 6-րդ տուրից հետո J ենթախմբում միանձնյա առաջատարը շարունակում է մնալ Իտալիան 100 տոկոս արդյունքով՝ 6 խաղ, 6 հաղթանակ, 18 միավոր: Երկրորդը 12 միավորով Ֆինլանդիան է, իսկ Հայաստանի ընտրանին ունի 9 միավոր:4-րդ տեղում 7 միավորով Բոսնիա և Հերցեգովինան է: 5 միավոր ունի Հունաստանը և մեկ՝ Լիխտենշտեյնը:Խմբային փուլի 7-րդ տուրում՝ հոկտեմբերի 12-ին Բոսնիա և Հերցեգովինան կխաղա Ֆինլանդիայի, Լիխտենշտեյնը՝ Հայաստանի, իսկ Իտալիան՝ Հունաստանի դեմ: