Լուրջ խնդիրներ՝ ազգային հավաքականում. Ի՞նչ որոշում կկայացնի Գյուլբուդաղյանցը

Լուրջ խնդիրներ՝ ազգային հավաքականում. Ի՞նչ որոշում կկայացնի Գյուլբուդաղյանցը

Վաղը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Բոսնիա-Հերցեգովինայի հետ: Հանդիպում, որը Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքարում կարող է վճռորոշ լինել: Պարտության դեպքում գործնականում կկորցնենք ենթախմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու հնարավորությունը: Սեպտեմբերի 5-ին բալկանյան հավաքականը սեփական հարկի տակ 5:0 հաշվով առավելության էր հասել Լիխտենշտեյնի նկատմամբ և այս պահին 7 միավորով ենթախմբում 3-րդն է: Հայաստանի հավաքականը 6 միավորով 4-րդն է: Հաղթելու դեպքում հնարավորություն կունենանք մոտենալու երկրորդ տեղում գտնվող Ֆինլանդիային, որը սեփական հարկի տակ հաղթելով Հունաստանին՝ վաստակել էր 12-րդ միավորը: Իտալիայի հետ հանդիպումից հետո մեր հավաքականը լուրջ խնդիրների առաջ է կանգնել: Զրկվել ենք առանցքային ֆուտբոլիստներից մեկից՝ կենտրոնական հարձակվող Ալեքսանդր Կարապետյանից: Արմեն Գյուլբուդաղյանցն այս պահին տրամադրության տակ ունի ընդամենը մեկ նոմինալ կենտրոնական հարձակվող: Խոսքը Արթուր Միրանյանի մասին է, որը ազգային թիմում պաշտոնական հանդիպում չի անցկացրել: Հավաքականում օրակարգային է նաև ֆուտբոլիստների վերականգնման խնդիրը: Մեկ խաղակես Իտալիայի թիմի դեմ պայքարելով չափից ավելի ուժեր վատնվեցին: Ի՞նչ լուծում կգտնի Գյուլբուդաղյանցը: Հարձակման կենտրոնում անհրաժեշտ է ֆիգուր, որը լարվածության մեջ կպահի մրցակցի պաշտպաններին: Միրանյանին հիմնական կազմում չընդգրկելու դեպքում տեսանելի է թերևս մեկ տարբերակ: Աջ եզրում խաղացող Տիգրան Բարսեղյանին տեղափոխել կենտրոն, նրա փոխարեն աջ եզրում օգտագործել Սարգիս Ադամյանին: 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Ռումինիայի հետ արտագնա մրցավեճում հավաքականի այն ժամանակվա գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը կենտրոնական հարձակվողի գոտում օգտագործել էր հենց Բարսեղյանին: Ասել, որ այս տարբերակն արդյունավետ է, ճիշտ չի լինի, բայց ընտրության հնարավորություն ըստ էության Գյուլբուդաղյանցը չունի: Առջևի գծում առաջացած բացը լրացնելու հարցում, կարծում ենք, կարող է օգտակար լինել «Փյունիկի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը, ինչպես նաև Էդգար Բաբայանը, որը Իտալիայի դեմ մրցավեճի վերջնամասում փոխարինման դուրս եկավ: Ի տարբերություն Հայաստանի՝ բոսնիացիները առաջիկա խաղին կմոտենան մարտական կազմով: Լիխտենշտեյնի հետ խաղին մասնակցել են առանցքային ֆուտբոլիստներ Սեադ Կոլաշինացը, Միրալեմ Պյանիչը, ինչպես նաև Էդին Ջեկոն, որը նաև գոլի հեղինակ է դարձել: Իտալիայի հետ խաղից հետո անհրաժեշտ է որոշակի շտկումներ անել պաշտպանությունում, մասնավորապես աջ եզրում: Հովհաննես Համբարձումյանի խաղն այն չէր: Իտալացիները, հասկանալով, որ աջ եզրում խնդիրներ ունեինք, գրոհները զարգացնում էին հենց այդ հատվածով: Առաջին գնդակն էլ բաց թողեցինք հենց աջ եզրում թույլ տված սխալի հետևանքով: Նշենք, որ առաջիկա խաղում պաշտպանության այս գոտում է լինելու Կոլաշինացը, որը շարունակ միանում է գրոհներին և սրություն հաղորդում: Չի բացառվում, որ դիտելով Իտալիայի հետ հանդիպումը՝ Բոնսիա-Հերցեգովինայի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին ևս թիրախավորի մեր պաշտպանության աջ եզրը: Մտահոգիչ է, որ Համբարձումյանին համարժեք փոխարինող չունենք: Այո, հայտացուցակում կա եզրային պաշտպան Արման Հովհաննիսյանը, որը ազգային հավաքականում դեռևս ելույթ չի ունեցել: Բայց նման պատասխանատու խաղում Հովհաննիսյանին հիմնական կազմում ընդգրկելը, ինչ խոսք, ճիշտ չի լինի: Եթե փորձենք իրավիճակը կարճ բնութագրել, պետք է ընդունենք, որ առաջիկա խաղից առաջ խնդիրները ավելի քան շատ են, և որ հատկապես Գյուլբուդաղյանցի համար կրկին ծանր խաղ է լինելու: Ամեն դեպքում հավատում ենք, որ մերոնց կհաջողվի վերականգնվել և հասնել օդի ու ջրի պես անհրաժեշտ հաղթանակի: