Գերմանական ագրեսիա Հայաստանի նկատմամբ. Հաղթողին չեն դատում, բայց…

Գերմանական ագրեսիա Հայաստանի նկատմամբ. Հաղթողին չեն դատում, բայց…

Առաջին հերթին շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ֆուտբոլիստներին և գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցին Իտալիայի դեմ արժանապատիվ և բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրելու համար: Մենք ըստ էության չզիջեցինք աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկին: Գյուլբուդաղյանցը հիանալի էր կառուցել խաղը հատկապես տակտիկական տեսանկյունից: Նույնիսկ 10 ֆուտբոլիստներով կարող էինք առաջ անցնել հաշվի մեջ: Խաղից խաղ մեր հավաքականի գլխավոր մարզիչը ուժեղացնում է թիմը: Նման մակարդակի ֆուտբոլ վաղուց չէինք խաղացել: Վստահաբար կարող ենք ասել, որ այսօր ունենք մարտունակ հավաքական, որը կարող է լուծել բարդ խնդիրներ: Պետք է արժանին մատուցել նաև մեր հավաքականի ֆուտբոլիստներին և գլխավոր մարզչին պարտության մեջ այլ գործոններ չփնտրելու և մասնավորապես խայտառակ մրցավարությանը չանդրադառնալու համար: Սա բարձր պրոֆեսիոնալիզմ է և կոռեկտության բացառիկ դրսևորում: Մրցավարության մասին խոսելը մեր խնդիրն է, որը և պարտավոր ենք համարում անել: Առաջին կեսի վերջնամասում գերմանացի գլխավոր մրցավար Դանիել Զիբերտը, երկրորդ դեղին քարտը ցույց տալով, դաշտից հեռացրեց մեր հարձակման գծի առաջատար Ալեքսանդր Կարապետյանին: Տվյալ դրվագը մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո համոզվում ենք, որ Կարապետյանը նույնիսկ չէր խախտել կանոնները Բոնուչիի հետ պայքարում: Զիբերտը գտնվում էր մոտ 10 մետր հեռավորության վրա և ասել, որ նա չնկատեց խախտում չլինելու փաստը, մեղմ ասած՝ դժվար է: Ցուցաբերելով անհասկանալի ագրեսիա՝ Զիբերտը ուղղակիորեն վճռեց հանդիպման ելքը: Եթե նույնիսկ Կարապետյանը կոպտորեն խախտած լիներ կանոնները, սա այն դրվագը չէր նման կտրուկ որոշում կայացնելու համար: Խաղադաշտում մրցում էին միանգամայն տարբեր կատեգորիաների հավաքականներ, և կարծում ենք՝ Իտալիան ամենևին էլ չուներ Զիբերտի նվերի կարիքը: Իսկ թե ինչով էր պայմանավորված գերմանացի մրցավարի ագրեսիան մեր հավաքականի նկատմամբ՝ պատեհ չենք համարում մեկնաբանել: Թերևս մեկ դիտարկում: Մրցավարի խայտառակ որոշումը տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի նախագահ Չեֆերինի աչքի առաջ: Ֆուտբոլը ունի նաև դաժան կողմեր և յուրաքանչյուր թիմ երբևիցե դառնում է անարդարության զոհ: «Տղաները շատ աշխատեցին: Հանդերձարանում շնորհակալություն հայտնեցի աշխատանքի համար: Երկրորդ խաղակեսի առաջին 25 րոպեներին էլ փորձեցինք ֆուտբոլ խաղալ, ստացվեց, բայց պարտվեցինք: Ֆուտբոլն էմոցիոնալ խաղ է, բոլոր խաղերն էլ այդպես են լինում»,- խաղից հետո ասել է Արմեն Գյուլբուդաղյանցը: Խաղն էմոցիոնալ էր: Հանդիպում, որը երկար ենք հիշելու: Ցավալի է, որ պարտվեցինք ոչ արդար պայքարում բայց կյանքը շարունակվում է և պետք է առաջ նայել: «Խաղը լավ սկսեցինք, շատ ագրեսիվ էինք ու գոլ խփեցինք, դրանից հետո մի փոքր հետ քաշվեցինք՝ չգիտես ինչու: Հետո գոլ բաց թողեցինք, կարմիր քարտը խանգարեց... երկրորդ կեսում տղաները պայքարեցին մինչև վերջ, ցույց տվեցինք, որ նույնիսկ 10 հոգով կարելի է խաղալ Իտալիայի դեմ: Կարող էինք գոլի հեղինակ դառնալ, առաջ անցնել խաղի մեջ, բայց չհաջողվեց, ֆուտբոլ է, այդ իսկ պատճառով հետո պատժվեցինք: Ճիշտ է, Իտալիան առավելություն ուներ, բայց եթե հաշվի առնենք, որ մենք չօգտագործեցինք մեր պահերը, կարող եմ ասել, որ մինչև 78-րդ րոպեն ամեն ինչ արդարացի էր»,- ասել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Վերլուծելով երեկվա հանդիպումը՝ առանձնակի ուշադրություն ենք ուզում դարձնել կարևոր մի գործոնի վրա: Երկրորդ կեսից հետո Արմեն Գյուլբուդաղյանցը տակտիկական փոքրիկ հաղթանակ տարավ Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի նկատմամբ: Իտալացի հանրահայտ մասնագետը հավանաբար հաշվարկել էր, որ Հայաստանի հավաքականը կնահանջի՝ անցնելով խուլ պաշտպանության: Գյուլբուդաղյանցն իր հերթին ֆուտբոլիստներին հրահանգել էր խաղալ այն ֆուտբոլը, որը տեսանք առաջին կեսում: Մերոնք գրոհում էին և կարող էին հաշիվը դարձնել 2:1: Մեր մարզիչը կայացնելով համարձակ որոշում՝ մոտ էր նույնիսկ 10 ֆուտբոլիստներով դրական արդյունքի հասնելուն: Ինչևէ, երկու օր անց մրցելու ենք Բոսնիա-Հերցեգովինայի հետ: Հանդիպում, որը պարտավոր ենք հաղթել: Պարտավոր ենք ապացուցել, որ անարդարացի որոշումները չեն կարող մեզ արգելակել: Պարտավոր ենք ապացուցել, որ ճանապարհից չենք շեղվել: Պարտավոր ենք ապացուցել, որ Իտալիայի դեմ ցույց տված ֆուտբոլը հիմքն էր կարևոր հաղթանակների: Եվ որ ամենակարևորն է՝ Բոսնիայի դեմ խաղում ստադիոնում պարտավոր ենք ապահովել այն մթնոլորտը, որը տիրում էր երեկ: Հավաքականի ֆուտբոլիստներն արժանի են մեծ աջակցության: Մրցակցի հարկի տակ Բոսնիային պարտվել ենք 2:1 հաշվով: Սեպտեմբերի 8-ին կայանալիք հանդիպումը ռևանշի խաղ է՝ երկու առումով: Պետք է փորձենք ռևանշի հասնել առաջին հերթին մրցակցի նկատմամբ: Փորձելու ենք նաև ռևանշի հասնել անարդարության նկատմամբ, որը ըստ էության մեզնից միավորներ խլեց: