Փաշինյանն ու իր թիմը պետք է հասկանան, որ ամենավտանգավորը «անգրագետ պողոսներն» են, երբ զգում են, որ խաբվել են

Փաշինյանն ու իր թիմը պետք է հասկանան, որ ամենավտանգավորը «անգրագետ պողոսներն» են, երբ զգում են, որ խաբվել են

Ամուլսարը լակմուսի թղթի դերակատարություն ունեցավ բազմաթիվ հարցերում: Սկսած քաղաքականից, վերջացրած ներանձնային հարաբերություններից: Բայց մինչ այդ ամենակարևոր ու, թերևս, անհրաժեշտ դերակատարությունը, որ ունեցավ Ամուլսարի հարցը, վերաբերում էր Նիկոլ Փաշինյանին, նրա ոչնչով չհիմնավորված ինքնավստահությանն այն առումով, որ միայն իր խոսքը բավարար է համապետական ու նույնիսկ ավելի բարձր մակարդակի հարցեր լուծելու համար: Ցավալի է, բայց տարիուկես պարոն Փաշինյանը երկիրը կառավարում էր այս մտայնությամբ. «Փաշինյանը ժողովրդի բացարձակ լեգիտիմությունը վայելող վարչապետ է և նրա խոսքը անքննելի է»: Ժողովրդի մեծամասնության մոտ այս մտայնությունն էր իշխողը: Վարչապետը, թերևս, ինքն էլ էր սկսել հավատալ դրան, ու Ամուլսարը սառը ցնցուղի դեր կատարեց, որ ճիշտ գնահատելու դեպքում խիստ ուսանելի կարող է լինել: Այլապես, ինչպես բազմաթիվ դեպքերում, այս անգամ էլ խնդիրը այնքան բուն Ամուլսարը չէր, որքան հանքարդյունաբերության ընդհանուր խնդիրների համակարգային լուծումը և այդ թվում՝ Ամուլսարը դրանցից մեկը, որի լուծումը պետք է փնտրել ընդհանուր համակարգային լուծման մեջ: Եվ ոչ առանձնացնել ու ներկայացնել որպես առանձին խնդիր ու փորձել համոզել մարդկանց, որ այս մեկը նախադեպը չունեցող, գերժամանակակից սարքավորումներով զինված հանք է, որի պարագայում բացառվում է անգամ մեկ լիտր աղտոտված ջրի արտահոսքը շրջապատի գետերի ջրային ավազան: Եթե Փաշինյանի կառավարությունը իր գործունեության տարիուկեսվա ընթացքում հանքարդյունաբերության մասով մշակած ու ընդունած լիներ ինքնիշխան պետությանը հարիր օրենսդրություն և այդ օրենսդրական հիմքով սահմանված լիներ այս ոլորտի խաղի կանոնները, ապա այսօր այս իրավիճակը չէր ստեղծվի, ու տեղի ունեցած գործարքի նկատմամբ քննարկումները կընթանային նոր իրավիճակին համապատասխան օրենքի շրջանակներում, ու իրավիճակը հաստատ ավելի հասկանալի ու քննարկելի կլիներ: Մինչդեռ պարոն Փաշինյանը, բառիս խորքային իմաստով, առաջնորդվեց «իմ դեմ խաղ չկա» տղայական համոզմունքով ու ոչ միայն ինքը, իր վարկանիշը, իր կուսակցությունն ու կառավարությունը, նաև երկիրը հայտնվել է բավականին խոցելի իրավիճակում, որի խոցելիությունը դարձյալ Ամուլսարը չէ: Չնայած, որ վարչապետի այս հարցի հետ կապված ցանկացած քայլ փակուղային է: Առաջ գնալը, հանքը շահագործելը, ինչին տանում են զարգացումները, հղի է անկանխատեսելի հետևանքներով: Հետքայլը դարձյալ իր օգտին չի խոսում, չնայած, որ երեկ նա հարցի առնչությամբ նման մի բան արեց, «Էլարդի» եզրակացությունն ուղարկելով բնապահպանության նախարարություն՝ պարզելու՝ եզրակացության մեջ կա՞ն տվյալներ, որոնք, Հայաստանի օրենսդրության համաձայն, Ամուլսարի հանքի շահագործման համար շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում: Դա ինչ-որ առումով ողջունելի է, եթե, իհարկե, ընդամենը ժամանակ շահելու նպատակ չի հետապնդում: Անկախ ամեն ինչից՝ ազդելու է վարչապետի վարկանիշի վրա բացասական առումով: Այս ամենում շատ լավ էր մի բան, որ Փաշինյանը, որ գրեթե կտրվելով իրականությունից, չէր պատկերացնում իրավիճակը, կսթափվի: Գուցեև առաջին հայացքից որևէ ընդհանրություն չկա, բայց Ամուլսարի «հովերից» էր, որ դեռ չնշանակած ազատել են տնտեսագիտական համալսարանի ռեկտորին: Մի կողմ թողնելով երիտասարդ այդ հեղափոխական բարեփոխականից սպասվելիք ոչ պակաս վտանգները գիտակրթական համակարգում, նորից գանք հանքարդյունաբերությանը: Զարմանալի, նույնիսկ զավեշտալի էր թվում, երբ իմքայլական պատգամավոր Հայկ Գևորգյանը բնապահպաններին, որպես վերջիններիս «հակընդդեմ խոցող հարց», շարունակ շեշտում էր, թե ինչու Քաջարանի, Կապանի և մյուս հանքերի փակման հարցը չեն բարձրացնում և սևեռվել են հենց Ամուլսարի վրա: Քիչ է, որ մինչ այդ իշխանության եկած թիմը այդ ուղղությամբ բացարձակապես ոչինչ չի արել, մի բան էլ դժգոհում են բնապահպաններից, որ այդ ուղղությամբ չեն աշխատել, ու աշխատում: Նիկոլ Փաշինյանի՝ շուրջ հարյուր րոպեանոց ելույթում սպասելի էր լսել, ինչպես արդեն նշվեց, հարցի լուծման կոնցեպտուալ, սկզբունքային առաջարկներ ամբողջ հանքարդյունաբերության առումով: Ի վերջո, տարիուկեսը բավարար ժամանակ է դրա համար: Ոչ մի խոսք: Մինչդեռ, անկախ այսօրվա զարգացումներից, վաղը նույն բնապահպանները բարձրացնելու են մյուս հանքերի շահագործման հարցը: Շատերի պարագայում եթե ոչ գործունեությունը դադարեցնելու, ապա բնապահպանական անվտանգության չափանիշները էապես բարձրացնելու, ժամանակակից սարքավորումներով վերազինվելու և արտադրական թափոնները նվազագույնի հասցնելու առումով: Նիկոլ Փաշինյանն իր ելույթում փոխանակ այդ ուղղությամբ համատեղ գործելու, բնապահպանների հետ օրենսդրական փոփոխությունների իր պատրաստակամությունը հայտնելուն, ուղղակի ու անուղղակի մեղադրական ակնարկներ ուղղեց մյուս հանքատերերին: Եթե տարիուկեսը բավարար ժամանակ չէր այդ ուղղություններով գործնական քայլեր իրականացնելու համար, գոնե պետք է հիմքերը դրված լինեին, և պարոն Փաշինյանը «դատարկ ձեռքերով» չներկայանար հասարակության հետ զրույցի ու փորձեր սրան-նրան խառնակչության մեջ մեղադրել: Եթե ոչ վաղը, ապա մոտ ապագայում նույն խնդիրները բարձրացվելու է նրանց պարագայում: Գոնե այդ դեպքում Փաշինյանն ու իր թիմը պատրաստ լինեն հիմնավոր ինչ-որ բան ասելու, ինչ-որ լուծում առաջարկելու: Ցավոք, քննարկումները և դրանցում իմքայլականների պահվածքը հուշում են հակառակի մասին: Դաշնակցությունն առաջարկում է հանրաքվեի մեխանիզմի կիրառում, որը հարցի լուծման տարբերակներից մեկն է: Որքանով է ընդունելի, դա այլ հարց է: Եվ պարոն Փաշինյանի իմքայլական ոչ շարքային ներկայացուցիչներից մեկն ի պատասխան հայտարարում է, որ «Ժողովուրդը երբեմն կարող է սխալվել կոնկրետ հարցերում՝ կոնկրետ խնդրի մասին ոչ բավարար գիտելիք կամ տեղեկություններ ունենալու պատճառով։ Ես չեմ ուզում, որ իմ հարևան անգրագետ Պողոսը՝ իր անգրագետ բազմամարդ ընտանիքով, ավելի մեծ դեր խաղա կոնկրետ էս հարցում որոշում կայացնելու գործում, քան ես»: Սա արդեն տխուր է, որովհետև տարիուկես առաջ էլ գիտնական Պետրոսը պնդում էր, որ անգրագետ պողոսների շնորհիվ Փաշինյանը 70-80 տոկոս ձայն է հավաքել, ինչի արդյունքում այսօր իրականության զգացողությունը կորցրել է: Հետևաբար, եթե չլինեին անգրագետ պողոսները (իսկ որն է սրանց գրագիտության չափման միավորը, բանասիրության դոկտորը, որ քաղաքական խարդավանքներից գլուխ չի հանում՝ գրագե՞տ է, թե՞․․․), չէր բացառվում, որ «Իմ քայլը» այսօր ԱԺ-ում մեծամասնություն չէր ունենա, ու այդ դեպքում բոլորովին այլ իրավիճակ կունենայինք նաև Ամուլսարի հարցում: Ինչևէ: Այսօր ունենք այն, ինչ ունենք, մնում է, որ միայն պարոն Փաշինյանն ու իր թիմը մի շարք չհասկացածների հետ հասկանան նաև, որ ամենավտանգավորը անգրագետ պողոսներն են, երբ զգում են, որ խաբվել են: Չնայած, որ դա տարիուկես առաջ պետք է որ հասկացած լինեին: