Ամուլսարի համար պայքարը մի քանի բևեռներ ունի․ Գնդակը շրջակա միջավայրի նախարարության դաշտում է

Նախօրեին վարչապետ Փաշինյանը Ամուլսարի խնդրով տարբեր հանդիպումներ է ունեցել կառավարության և «Լիդիանի» ներկայացուցիչների հետ: Վարչապետը հանձնարարել է պարզել՝ արդյոք եզրակացության մեջ կա՞ն տվյալներ, որոնք Ամուլսարի հանքի շահագործման համար շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում են պահանջում: Թեման քննարկելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է  Ջերմուկ քաղաքի բնակիչներ Ռիմա Սարգսյանին, Ահարոն Արսենյանին և լրագրող-բնապահպան Թեհմինե Ենոքյանին: Թեհմինե Ենոքյանը նկատեց, որ մենք չունենք փորձաքննություն. ««Էլարդը» ուսումնասիրություն է կատարել «Լիդիանի» տրամադրած տվյալների հիման վրա. դա ուսումնասիրություն է ընդամենը, և մենք չունենք Ջերմուկի իրական պատկերը»: Մեր զրուցակցի խոսքով՝ խնդիրը առկա է, և մեկ տարի է արդեն՝ մարդիկ պաշտոնավարում են և նոր-նոր միայն ուսումնասիրում են, թե կա՞ արդյոք անհրաժեշտություն ՇՄԱԳ կազմելու. «Մենք խնդրահարույց ենք համարում նաև այն, որ մեկ ուսումնասիրության վրա պետք է հիմնված լինի վերջնական որոշման կայացումը: Բացի այդ՝ մի տեսակ նսեմացվում է նաև ժողովրդի դերը՝ 3000 հոգու ստորագրությունների հանրագիրը, ՏԻՄ-ի դերը»: Նա նշեց, որ այժմ գնդակը գտնվում է շրջակա միջավայրի պահպանության նախարարության տիրույթում. «Նախարարը փորձության է ենթարկվելու»: Ջերմուկի բնակիչ Ահարոն Արսենյանը նկատեց, որ նախևառաջ խախտվել են իրենց՝ որպես Ջերմուկի բնակիչներ, իրավունքները. «Մինչև հիմա մեզ հաշվի չեն առել, հանրային լսումներ չեն անցկացրել, իսկ մինչև 2016-ը Գնդեվազում անցկացված հանրային լսումները եղել են կեղծ. բացասական կարծիք հայտնածները դուրս են եկել այդ հանրային լսումներից: Միայն այս փաստը հերիք է նոր ՇՄԱԳ կազմելու համար»: Ռիմա Սարգսյանն էլ նշեց, որ իրենք ներկայացնում են Ջերմուկի բնակչության մեծամասնության կարծիքը. «Բնականաբար միասնական կարծիք չկա, բայց մեծամասնությունը դեմ է հանքի շահագործմանը»:   Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: