Իշխանության պատասխանն արտահերթ ընտրության սցենարին

Իշխանության պատասխանն արտահերթ ընտրության սցենարին

Ամուլսարի հարցը Հայաստանում վերաթարմացրել է խորհրդարանի արտահերթ ընտրության վերաբերյալ խոսակցությունները, որոնք հեղափոխությունից հետո շրջանառվել են մի քանի այլ փուլերում էլ՝ ընդհուպ դեկտեմբերի 9-ի խորհրդարանի արտահերթ ընտրության: Նոր իշխանությունը կտրուկ է արտահայտվել այդ թեմայով, հավաստիացնելով, որ նոր խորհրդարանը աշխատելու է իր հնգամյա ժամկետը, և արտահերթ ընտրությունը բացառվում է: Այդուհանդերձ, իշխանությանը, թերևս, հարկ կլինի թեմային անդրադառնալ ևս մեկ անգամ, քանի որ Ամուլսարի հարցը դարձել է արտահերթ խորհրդարանի ընտրության սցենար քննարկելու նոր առիթ: Սցենարի հիմքում կամ առանցքում այն է, որ Ամուլսարի վերաբերյալ տեսակետը կբերի խորհրդարանական մեծամասնության ապամոնտաժման: Բանն այն է, որ այդ մեծամասնության ներկայացուցիչներից շատերը բացահայտ դեմ են արտահայտվում Ամուլսարի հանքի շահագործմանը: Բայց արդյոք այդ հարցը կդառնա՞ իշխանության խորհրդարանական մեծամասնության տարանջատման, պառակտման, սա առայժմ բավականին մշուշոտ հարց է: Իհարկե, թեման դարձել է այդ մեծամասնության ներկայացուցիչների միջև, իհարկե, քաղաքակիրթ, սիրալիր ու հարգարժան, բայց ընդհուպ հրապարակային բանավեճերի առիթ, մինչև անգամ միմյանց ուղղված նուրբ մեղադրանքներով և կսմիթներով: Ըստ երևույթին ժամանակն է, որ խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, Ամուլսարի վերաբերյալ դիրքորոշումից բացի, դիրքորոշում արտահայտեն նաև խորհրդարանի արտահերթ ընտրության հավանականության վերաբերյալ, եթե ոչ ուղղակի, ապա առնվազն զուգահեռ արտահայտվելով, թե ի՞նչ կանեն իրենց խորհրդարանական մանդատի հետ և կառավարության ու իշխող խմբակցության հետ ինչ փոխհարաբերության ռեժիմ կունենան, եթե վարչապետը իրագործի Ամուլսարի հանքը շահագործելու վերաբերյալ որոշումը: Իհարկե, դեռ պարզ չէ անգամ, թե որն է վերջնական որոշումը, սակայն թեման դիտարկում ենք՝ ելնելով առայժմ հայտարարված շահագործում թույլ տալու մտադրություն-կանխավարկածից, քանի որ գործնականում նաև դրա վրա է կառուցվում արտահերթ ընտրության «կանխավարկածը»: Այդ «կանխավարկածը» կառուցում են քաղաքական և փորձագիտական շրջանակներ, որոնց մի մասը բացահայտ է հարում նախորդ իշխող համակարգի որոշակի թևի, իսկ մի մասն էլ առնվազն արտահերթ ընտրության հարցում ունի այդ թևի հետ ընդհանուր հետաքրքրություն, թեև իր քաղաքական «կրեդո» է սահմանել նախկին իշխանության կոշտ քննադատությունը: Այլ կերպ ասած, Ամուլսարի հարցի առիթով սկսել է շոշափվել Ռոբերտ Քոչարյանի առաջ քաշած «կոնսենսուս մինուս մեկ» սցենարը, և այստեղ ակնառու է, որ արտահերթ ընտրության գործոնն այն գաղափարն է, որ կարող է միավորել գործնականում բոլոր քաղաքական ուժերին՝ իշխանությունից բացի: Եվ այստեղ հարցն այն է, որ, եթե տեսականում քաղաքական մյուս ուժերը կարող են միավորվել «կոնսենսուս մինուս մեկ» ռեժիմում՝ բացահայտ կամ անուղղակի, լռելյայն՝ խորհրդարանի արտահերթ ընտրության գործընթաց հասունացնելու նպատակի առանցքով, իշխանության ճամբարում կարող է ծավալվել հակառակ՝ տրոհման որոշակի գործընթաց կամ տրամադրություն: Սա, իհարկե, ինքնին չի նշանակում իշխանության ձախողման անշեղ ընթացք, անգամ եթե արտահերթ ընտրության սցենարը ներկայիս առավելապես երևակայականից, այդուհանդերձ, մոտենա իրական-հավանականին: Ավելին, քաղաքական բաղադրիչների և շերտերի տեսանկյունից, անգամ այդ դեպքում գործող իշխանությունն ունի շոշափելի համեմատական առավելություն «կոնսենսուս մինուս մեկ» պայմանական դաշտի նկատմամբ, որովհետև նրանց ընդհանուր խաղի տիրույթում գերազանցապես մինչև արտահերթ ընտրությունն է, իսկ գործող իշխանությունը խաղի ավելի մեծ տիրույթ ունի հենց դրանից հետո ընկած տարածությունում, եթե, իհարկե, բանը հասնի դրան: Կհասնի, թե ոչ, կախված է գուցե նաև հանգամանքից, թե իշխանությունը Ամուլսարի շահագործման որոշում կայացնելու դեպքում ինչպե՞ս կիրագործի այդ որոշումը, այսպես ասած՝ ինչ գնով: Դրանից կախված կլինի, թե կոնկրետ հարցում տարակարծությունն ինչպիսի դրսևորում կստանա խմբակցության ներսում ընդհանրապես: