Մերկելը և Ջոնսոնը գնահատել են Ռուսաստանի G8 վերադառնալու հնարավորությունը

Մերկելը և Ջոնսոնը գնահատել են Ռուսաստանի G8 վերադառնալու հնարավորությունը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Բեռլինում կայանալիք բանակցություններից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանել են Ռուսաստանի G8 ձևաչափին վերադառնալու հնարավորությունը: Մերկելը հայտարարել է, որ Ռուսաստանին հեռացրել են G8 ձևաչափից «որոշակի պատճառներով»: Նրա խոսքերով, Դոնբասի հարցով «Մինսկի գործընթացի իրականացման թեթև շարժ կա»: Ընդ որում, նա հավելել է, որ եթե նրանք «իսկապես առաջ շարժվեին, ապա նոր իրավիճակ կլիներ»: «Ես պետք է ասեմ, որ այսօրվա դրությամբ մենք այդքան հեռու չենք գնացել, որպեսզի կարողանամ ասել, որ այն պատճառները, որոնք նշվել են 2014 թ.-ին, այլևս չկան»,- Գերմանիայի կանցլերի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը: Իր հերթին Ջոնսոնը հայտարարել է, որ ի նպաստ Ռուսաստանի G8 վերադարձի փաստարկները «դեռ պետք է գտնել»: Նա հայտարարել է, որ հաշվի է առնում Սկրիպալների թունավորման միջադեպը բրիտանական Սոլսբերիում, «Ուկրաինայում շարունակվող անկայունությունը, ռազմական գործողությունները, սադրանքները, որոնք Ռուսաստանն իրականացնում է ոչ միայն Ուկրաինայում, այլև շատ այլ տեղերում»: «Ես պետք է ասեմ, որ ես լիովին համաձայն եմ կանցլեր Մերկելի հետ և կարծում եմ, որ ի նպաստ Ռուսաստանի G7 վերադարձի փաստարկները դեռ պետք է գտնել»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը: