Թրամփը Դանիայի վարչապետին «տհաճ» է անվանել

Թրամփը Դանիայի վարչապետին «տհաճ» է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենին «տհաճ» է անվանել այն բանից հետո, երբ Ֆրեդերիկսենը ԱՄՆ կողմից Գրենլանդիան գնելու գաղափարն անհեթեթ է անվանել, հաղորդում է NBC News-ը: Թրամփը նրան մեղադրել է ԱՄՆ-ի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ: Գրենլանդիայի պոտենցիալ վաճառքի մասին առաջարկը մերժել էր Գրենլանդիայի վարչապետ Կիմ Կիլսենը, և Ֆրեդերիկսենը նրան աջակցել էր: «Բարեբախտաբար անցել են այն ժամանակները, երբ դուք գնում և վաճառում էիք այլ երկրներ և բնակչություններ»,- ասել էր Ֆրեդերիկսենը: Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ չեղարկել է պետական այցը Դանիա և երկիր կայցելի ավելի ուշ: Ֆրեդերիկսենը հիասթափություն և զարմանք էր հայտնել՝ կապված Թրամփի որոշման հետ և հույս հայտնել, որ այցի չեղարկումը չի ազդի այլ հարցերի վրա: Նա նշել էր, որ ԱՄՆ-ը Դանիայի մտերիմ դաշնակիցներից մեկն է: