Օգոստոսի 19-ին եղավ հեղափոխության «քելեխը». ինչ կորոշի իշխանությունը Ամուլսարի հարցով

Այսօր կառավարության աշխատակազմը ELARD-ի եզրակացությունը ուղարկել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ պարզելու, թե արդյոք եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք, Հայաստանի օրենսդրության համաձայն, Ամուլսարի հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում: Արդյո՞ք սա նոր հանգամանք է Ամուլսարի շուրջ զարգացումներում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը և «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Արեգ Թադևոսյանը: Զարուհի Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ կա դիմադրություն հանրային ոլորտում, և երբ օգոստոսի 19-ին վարչապետը քննարկման էր հրավիրել ջերմուկցիներին և այլ շահագրգիռ անձանց, իսկ դրսում հանրության կուտակում կար, հանրությունը դժգոհ մնաց քննարկումների բնույթից, վարչապետի ուղիղ եթերից և հատկապես ոստիկանությունից, որի գործողություններն արդեն նախանշում են, որ որոշակի վախեր կան հանրությունից. «Եթե այդպիսի բողոքի ալիք չբարձրանար, կարծում եմ, հենց այդ օրն էլ ամեն ինչ կորոշվեր: Իրավապաշտպանի կարծիքով՝ վարչապետը չէր գիտակցում, որ բողոքի այսպիսի ալիք կբարձրանա, որովհետև կարծում էր, որ լեգիտիմության աստիճանն այնքան բարձր է, որ իր ցանկացած որոշում կընդունվի. «Կար այդ մտայնությունը, որ վարչապետն այնպիսի սեր և ընդունելություն ունի հանրային շրջանակներում, որ նրա ցանկացած խոսք հալած յուղի պես կընդունվի, բայց պարզ դարձավ, որ այդպես չէ: Հանրության բավական լուրջ հատված խոր հիասթափություն ապրեց, շատերը կտրուկ արտահայտվեցին, անգամ ասացին՝ օգոստոսի 19-ին եղավ հեղափոխության ավարտը, հեղափոխության «քելեխն» է այսօր»: Զ. Հովհաննիսյանի կարծիքով՝ եզրակացությունը նախարարություն ուղարկելու որոշումը պայմանավորված է հանրային տրամադրությունները մեղմելու նպատակով: «Գնդակը Շրջակա միջավայրի նախարարության դաշտում է, հույս ունեմ, որ արդար և մաքուր եզրակացության կհանգեն»,- ընդգծեց իրավապաշտպանը: Արմեն Մարտիրոսյանը կարծիք հայտնեց, որ վարչապետի դիրքորոշումը հանրությունը սխալ է մեկնաբանում: «Եթե տանտեր ես, պետք է հասկանաս, չափն ինչքան են անցնում… Եթե չափն անցած է, և իսկապես խնդիր ունենք՝ կապված մեր ապագա սերունդների, մեր առողջության, մեր լինել-չլինելու և բնության լինել-չլինելու հետ, ապա չպետք է վախենանք ո՛չ միջազգային պատժամիջոցներից, ո՛չ որևէ դատարանի որոշումից… Բայց եթե այդպես չէ, և Ամուլսարը մոտավորապես այնքան է աղտոտում մթնոլորտը, որքան մեքենաները, ապա ովքե՞ր են այն մարդիկ, ովքեր այսքան ժամանակ իրենց անպատասխանատու  են պահել… Ինչո՞ւ այս հարցը դատարանում չի քննվում»,- նշեց Ա. Մարտիրոսյանը՝ նաև ընդգծելով, որ պետք է հեղափոխությունից անցում կատարել կառուցման և կարգուկանոնով առաջ գնալ: Արեգ Թադևոսյանի դիտարկմամբ՝ հանքերը կարծես սպի լինեն բնության վրա: Նրա խոսքով՝ հանքարդյունաբերությունը Հայաստանի համար ապագա չէ: «Այս պահը հատկանշական է, կա՛մ մենք կընկնենք բանանային պետությունների և հանքային կցորդների արկղի մեջ, կա՛մ շանսը կօգտագործենք և չենք ընկնի: Վարչապետը պետք է զգույշ լինի: Ազգի համար վճռորոշ պահ է, պետք է հստակ կողմնորոշվել»,- ընդգծեց Ա. Թադևոսյանը: Մանրամասն՝ տեսանյութում: