Ամուլսարի հարցով վարչապետին սխալ տեղեկություն են տվել. Պանդորայի արկղը բացելուց շատ բաներ կբացահայտվեն

Ամուլսարի շուրջ զարգացող իրադարձությունները քննարկելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանին և Հայ կառուցողական կուսակցության ղեկավար Անդրիաս Ղուկասյանին: Ինչպես նշեց Անդրիաս Ղուկասյանը, արտախորհրդարանական ընդդիմությունը ևս այս հարցում պասիվ չէ, և իրենց կուսակցությունն այսօր տարածում է մի տեսանյութ՝ ցույց  տալով, որ Նիկոլ Փաշինյանը իրականում չի կարդացել «Էլարդի» եզրակացությունը. ««Էլարդը» բոլոր 13 հարցերին տվել է բացասական պատասխան, այսինքն՝ նրանց եզրակացությունից կարելի է գալ այն եզրահանգման, որ Ամուլսարի շահագործման համար հիմք հանդիսացող թույլտվությունները տրվել են թերի տեղեկությունների, թերի պատրաստված փաստաթղթերի հիման վրա: Ակնհայտորեն վարչապետին սխալ տեղեկություն են տվել»: Նրա խոսքով՝ ըստ էության «Էլարդը» հաստատել է բնապահպանների բոլոր պնդումները. «Իսկ թե որտեղից Նիկոլ Փաշինյանը եզրակացություն ստացավ, որ տվյալ փորձագիտական եզրակացությունը հիմք է տալիս ենթադրելու, թե վտանգ չկա Սևանի և Ջերմուկի ջրերի համար՝ հասկանալի չէ, որովհետև այդ փաստաթղթից կարելի է ճիշտ հակառակ հետևություններ անել»: Անդրիաս Ղոկասյանը հավելեց, որ «Էլարդի» այդ եզրակացությունը հիմք է առ այն, որ «Լիդիանը» երբեք չի կարող արբիտրաժում պնդել, որ իր նկատմամբ կատարվել է որևէ ոտնձգությւոն: Իսկ թե ով է վարչապետին նման թերի տեղեկատվություն փոխանցել, քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը կրկնեց որպես լոբբիստներ շրջանառվող Տիգրան Ավինյանի, Էդուարդ Աղաջանյանի, ՀՀ նախագահի անունները. «Թե դրանք որքանով են հիմնավորված՝ ես չեմ կարող պնդել, բայց միշտ, երբ խոսքը խոշոր ներդրման մասին է, գտնվում են այդ շահը հետապնդող շրջանակներ: Սակայն արդյո՞ք վարչապետ Փաշինյանը ինչ-ինչ նկատառումներով (համոզված եմ՝ ոչ շահադիտական), ինչպես ասվում է ռուսերեն բանաստեղծության մեջ՝ ուրախ չէր խաբվել և նախապես հակված չէր հանքի շահագործմանը: Նա կարծես այդ տեղեկատվական հոսքից ընտրում է իրեն ավելի հաճո եզրակացությունները, որոնք հաստատում են իր կանխավ կայացրած որոշումը»:   Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: