Արսեն Թորոսյանը ոլորտը բարելավելու փոխարեն, զբաղված է ֆեյսբուքյան փիարով. Գևորգ Թամամյան

Ամուլսարի շահագործմանը դեմ արտահայտվողներն առաջին հերթին այն հակափաստարկն են բերում, որ հանքի շահագործումը վտանագավոր է նրանով, որ քաղցկեղածին ռիսկեր է պարունակում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ուռուցքաբան Գևորգ Թամամյանն ընդգծեց. «Որևէ ուռուցքաբան չի կարող գիտականորեն ապացուցված քաղցկեղածին որևէ պատճառին կողմ արտահայտվել: Բայց մեզ մոտ բացակայում է քաղցկեղի համապարփակ ռեգիստրը, և կդժվարանամ ասել՝ որտեղ ինչ պատկեր ունենք:  Կարծիք կա, որ Լոռվա մարզում շատ է քաղցկեղով հիվանդացությունը, բայց վիճակագրորեն հավաստի վերլուծություններ անելու համար լուրջ հետազոտություններ են պետք:»: Կապ կա՞ արդյոք հանքարդյունաբերության և քաղցկեղով հիվանդացության միջև, թե՞ դա միֆ է: Այս հարցին ի պատասխան՝ ուռուցքաբանը նշեց, որ աշխարհում կատարվել են հետազոտություններ, որոնք հավաստում են այդ կապի գոյությունը. «Մի բան հաստատ է՝ քաղցկեղը, բացի այլ պատճառներից, կարող է առաջանալ նաև հանքարդյունաբերության հետևանքով»: Անդրադառնալով ֆեյսբուքյան գրառմանն այն մասին, որ դադարում է լինել Առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու, Գևորգ Թամամյանը մանրամասնեց. «Դա պայմանավորված է նախարարի վարած քաղաքականությամբ,  որը համարում եմ անընդունելի: Առողջապահության նախարարն այսօր համարվում է ամենաբարձր վարկանիշ ունեցող, այսպես ասած, ամենահեղափոխական նախարարը, բայց եթե կտրվենք ֆեյսբուքյան իրականությունից, կտեսնենք, որ ռեալ կյանքում իրականությունը բոլորովին այլ է: Եթե հարցնենք այն մարդկանց, ովքեր աշխատում են այդ ոլորտում, ովքեր հիվանդի կողքին են, և այն մարդկանց, ովքեր գնում են հիվանդանոցներ՝ հնչած հայտարարությունների հետքերով, կտեսնենք, որ ամեն ինչ այդքան էլ վարդագույն չէ, բոլորովին  այլ իրականություն է: Բոլորս էլ կարող ենք ականջահաճո հայտարարություններ անել, բայց դրա համար պատասխան ենք տալիս: Ուռուցքաբանության նման զգայուն ոլորտում պոպուլիստական հայտարարություններն ուղղակի անթույլատրելի են: Ֆեյսբուքյան իրականության մեջ շատ հեշտ է ստեղծել մանիպուլյատիվ պատրանքներ, բայց ռեալ իրականությունն այլ է: Ոլորտում խնդիրները բազմաթիվ են, բայց զբաղված են անթույլատրելի չափերի հասնող գովազդային արշավով, որն անգամ ծիծաղելի է, իսկ երբ դրան ականատես ես լինում, ուղղակի չես կարող լռել»: Մեր զրուցակցի հավաստմամբ՝ նախարարը հայտարարություն անելուց առաջ խորհրդատուների հետ չի խորհրդակցում և ականջալուր չի լինում մասնագետներին: Գ. Թամամյանն իր դժգոհությունն արտահայտեց՝ կապված նաև նախարարի նշանակումների հետ: Նրա խոսքով՝ անընդունելի են, որ կադրեր են նշանակվում, որոնք պատասխանատու են «լայքերին» հետևելու համար: «Ոլորտում անելիքները շատ են, բայց նախարարությունում աբսուրդային հարցերով են զբաղված, պոպուլիստական հայտարարություններ են արվում: Նախախարությունում ո՞ր մեկն է մահացող հիվանդ տեսել, ո՞ր մեկն է մի անգամ ցավից մահացողի ձեռքը բռնել, չեն արել, դրա համար էլ չեն պատկերացնում, և հնչում են հայտարարություններ հայտարարությունների հետևից…»:   Մանրամասն՝ տեսանյութում: