ԵՄ-ում չեն պաշտպանել Գրենլանդիան ԱՄՆ-ին վարձակալության տալու գաղափարը

ԵՄ-ում չեն պաշտպանել Գրենլանդիան ԱՄՆ-ին վարձակալության տալու գաղափարը

Եվրահանձնաժողովը չի պաշտպանել Դանիայի կողմից Գրենլանդիան Միացյալ Նահանգներին անժամկետ վարձակալության տալու գաղափարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է TASS-ը, օգոստոսի 21-ին Բրյուսելում կայացած բրիֆինգում հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Նատաշա Բերտոն: «Գրենլանդիայի խնդրի շուրջ Եվրահանձնաժողովը լիովին ընդունում է ու պաշտպանում այն դիրքորոշումը, որը հայտնել են Դանիայի վարչապետը և Գրենլանդիայի կառավարությունը»,- ասել է նա: Դանիայի կառավարությունը և նրա ինքնավարության՝ Գրենլանդիայի ղեկավարությունն ավելի վաղ հայտարարել են, որ մտադիր չեն գնալ այդ գործարքին: Օգոստոսի 18-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավաստել է, որ Միացյալ Նահանգները կարող են շահագրգռված լինել Գրենլանդիայի ձեռքբերմամբ և հնարավոր քայլը համեմատել է անշարժ գույքի ձեռքբերման խոշոր գործարքի հետ: Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիքսենը և Գրենլանդիայի ներկայացուցիչները հրաժարվել են ինքնավարության վաճառքը քննարկելու գաղափարից: Օգոստոսի 20-ին Թրամփը Twitter-ում հայտնել է, որ Գրենլանդիայի շուրջ երկխոսության հեռանկարների բացակայության պատճառով հետաձգել է սեպտեմբերի սկզբին պլանավորված այցը Դանիա և ընդունելությունը Մարգրետե Երկրորդ թագուհու մոտ: Այս որոշումը հարուցել է Դանիայի քաղաքական գործիչների բացասական արձագանքը: Գրենլանդիան տարածք է Դանիայի Թագավորության կազմում և 2009 թվականից ունի լայն ինքնավարության իրավունք: Չնայած ինքնակառավարման բարձր մակարդակին՝ կղզու արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերը մնում են Կոպենհագենի իրավասության ներքո: