Պետք է մի բան հասկանալ՝ իշխանությունը չի կարող բոլորի համար ընդունելի որոշում կայացնել. Ռուբինյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը: - Վարչապետն Ամուլսարի մասին ELARD-ի եզրակացությունն ուղարկել է Շրջակա միջավայրի նախարարություն: Ձեզ հայտնի՞ է՝ ինչո՞վ է պայմանավորված այդ քայլը: - Երկու օր առաջ ֆեյսբուքյան էջում Live-ով վարչապետը նշեց, որ 99,9 տոկոսով վստահ է, որ կա 0,1 տոկոս հարց՝ կապված նոր ՇՄԱԳ-ի (շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում) հետ, որը պատրաստ է ճշտել: Եվ այսօր ֆեյսբուքյան էջում մանրամասնել է, թե ինչպես է խորհրդակցության ժամանակ բոլոր կողմերին հարցրել՝ վտահ են արդյոք, որ նոր ՇՄԱԳ-ի կարիք չկա, բոլորն ասել են չկա, սակայն վերջին պահին շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչն ասել է, որ անհրաժեշտություն կա նախարարությում ևս մեկ անգամ քննարկելու՝ կա՞ արդյոք նոր ՇՄԱԳ-ի կարիք, թե ոչ: - Իշխանությունը, մեծ հաշվով, որդեգրել է հանքեր չշահագործելու ճանապարհը, այդ մասին մի քանի անգամ հայտարարվել է ամենաբարձր մակարդակով. Ամուլսարը բացվում է. հակասությո՞ւն է սա: - Ո՛չ, ձեր պնդումը այդքան էլ ճիշտ չէ: Իրականում կա, թեև փոխկապակցված, բայց առանձին երկու թեմա, առաջին՝ արդյոք պետք է լինի և ինչպիսին պետք է լինի հանքարդյունաբերությունը Հայաստանում, և այս թեման ներառում է այլ հարցեր՝ ինչպիսին պետք է լինի հանքարդյունաբերությունը բնապահպանական, միջազգային հարաբերությունների, ֆինանսական համատեքստերում… Այս թեման պետք է քննարկվի, «Իմ քայլն» այս մասին խոսել է… Մենք ասում ենք, որ կողմնակից ենք պատասխանատու հանքարդյունաբերության, կողմ չենք, որ Հայաստանը լինի միայն հումք տվող պետություն, կարծում ենք, որ հումքը պետք է մշակվի այստեղ: Աշխարհում չկա մի մարդ, որը երազում է սարի փոխարեն տեսնել հանք, բայց միևնույն ժամանակ աշխարհը զարգացել է նաև հանքերի շնորհիվ, և դա այն գինն է, որ վճարվել է պրոգրեսի համար: Ցանկացած պետություն կամ հանրություն ինքը պետք է որոշի՝ պատրա՞ստ է արդյոք գին վճարել և ինչ գին է պատրաստ վճարել: Սա պետք է քննարկվի: Եվ երկրորդ՝ քննարկումների ժամանակ ակտիվիստները երկու թեմաները խառնում են, անդրադառնալով Ամուլսարին՝ խոսում են ընդհանրապես հանքարդյունաբերության մասին: Ամուլսարը գրեթե ամբողջությամբ կառուցված է, բայց դեռ չի շահագործվել, բայց ներդրումների, տրված թույլտվությունների տեսանկյունից սխալ կլինի Ամուլսարն առանձնացնել մյուս հանքերից: Եթե զրոյից որոշում կայացնողը մենք լինեինք, դեմ կլինեինք Ջերմուկում հանք բացելուն: Հարց է առաջանում, ինչու ակտիվիստները կամ բնապահպանները չեն խոսում Հայաստանում գործող մյուս հանքերը փակելու մասին. նրանք հաշվի են առնում փաստարկները, հասկանում են, որ դա կբերի ինչ-ինչ հետևանքների՝ աշխատատեղերի կորուստ, հնարավոր արբիտրաժներ, տնտեսական և իրավական խնդիրներ և այլն: - Գործել ենք տասը չարիք, գործենք նաև տասնմեկերո՞րդը: - Քաղաքականության կամ երկիր կառավարելու ընթացքում գալիս են պահեր, երբ որ չի լինում իդեալական քայլ, այսինքն՝ ստեղծվում է իրավիճակ, երբ ունես երկու տարբերակ, երկու ճանապարհ, որոնցից ոչ մեկը դրախտ չի տանում, երկուսն էլ ունեն բացասական և դրական հետևանքներ, և պետք է ծանրութեթև անել դրանք: Այս համատեքստում նշեմ, որ ես ամբողջովին հասկանում եմ բնապահպաններին, որոնք դեմ են Ամուլսարի շահագործմանը, տարբեր մարդիկ ունեն տարբեր աշխարհայացքներ, տարբեր քաղաքական հոսանքների են դավանում, և եթե կտրականապես և սկզբունքորեն դեմ են հանքերի շահագործմանը, տրամաբանական կլինի, որ դեմ լինեն նաև Ամուլսարի շահագործմանը, բայց երբ որ դու իշխող ուժի ներկայացուցիչ ես, պետք է, ի վերջո, ընտրություն կատարես, չես կարող այնպիսի որոշում կայացնել, որով կգոհացնես բոլոր քաղաքական ուժերին, չես կարող անել քայլ, որն ընդունելի կլինի տարբեր արժեհամակարգեր կրող բոլոր անձանց համար: Մնում է մեկ բան անել՝ առաջնորդվել փաստերով և ծանրութեթև անել բոլոր փաստարկները, իսկ Ամուլսարի վերաբերյալ փաստարկները մի քանիսն են՝ տնտեսական, բնապահպանական, իրավական և քաղաքական: Տնտեսական փաստարկը վիճելի չէ, բոլորը գիտեն, որ հանքը բերում է տնտեսական օգուտներ, իսկ հանքի չշահագործումն այն դեպքում, երբ իրավական հիմք չունես այն չշահագործելու, կարող է բերել արբիտրաժի, ուղիղ իմաստով և անուղղակիորեն ֆինանսական կորուստների, որովհետև դա կարող է ազդել տնտեսության գրավչության վրա, պոտենցիալ ներդրողները վստահ չեն լինի, որ իրենց ներդրումն ապահովագրված կլինի: - Մեծ հաշվով, Հայաստանում հանքերի շահագործումը երկրի բյուջեի համար որոշիչ և ճակատագրական չի եղել, որովհետև գումարները գնացել են առանձին անձանց և առանձին օֆշորային ընկերությունների գրպանը: - Այո՛: Մենք պետք է մի օր քննարկենք՝ ինչ ենք ուզում, օրինակ՝ կո՞ղմ ենք, որ արտասահմանից ներդրողներ լինեն, հանքեր շահագործեն և եկամտի մի մասը տանեն արտերկիր, թե կողմ չենք, և կարծում ենք, որ հանքերը միայն անապատային վայրերո՞ւմ պետք է լինեն, թե՞ ոչ և այլն: Ամուլսարի դեպքում խնդիրն այն է, որ հիմա ժամանակավրեպ է այդ քննարկումը: - Այսինքն՝ դուք դեմ եք Ջերմուկում հանք բացելուն, բայց տեր եք կանգնում նախորդների ժառանգությանը: - Ես այդպես չէի ձևակերպի: Եթե չլիներ այն պատմությունը, որը եղել է, անկախ մեզանից, և ի սկզբանե որոշում կայացնողը մենք լինեինք այդ վայրում այդ հանքը բացելու մասին, ամենայն հավանականությամբ, մենք չէինք գա շահագործման որոշմանը: Սակայն ՀՀ-ն, անկախ նրանից, թե ովքեր են եղել իշխանության, և նրանք ժողովրդավար են եղել, թե ոչ, միջազգային հանրության կողմից ընկալվում է որպես նույն պետությունը՝ իր միջազգային պարտավորություններով, իր կնքած պայմանագրերով: Կարող է թվալ, թե հեշտ է գիծը քաշել, սկսել զրոյից, բայց այդպես չէ: Դա վերաբերում է նաև արտաքին պարտքին. ինչու ենք մենք փակում արտաքին պարտքը, որը նախկին ոչ ժողովրդավար իշխանություններն են վերցրել: Կան պարտավորություններ, որոնք ցանկացած իշխանություն պետք է շարունակի ստանձնել: Ամուլսարի խնդիրը երբ որ անցյալ տարի առաջացավ, վարչապետն առանձնացրեց երկու հարց՝ արդյոք Սևանին վտանգ է սպառնում, արդյոք Ջերմուկի ջրերին վտանգ է սպառնում: Եթե այս հարցերի պատասխանն է՝ այո, ապա այս հանքը չի կարող շահագործվել, որովհետև դա կարող է բերել բնապահպանական աղետի: - ELARD-ի եզրակացությանը վստահո՞ւմ եք: Դա հօգուտ շահագործմա՞ն է, թե՞ ընդդեմ շահագործման: - Ես վստահում եմ տրամաբանությանը և փաստերի համադրմանը… Եզրակացությունից բխում է, որ Սևանին և Ջերմուկի ջրերին վտանգ չի սպառնում… Իմ շարադրած փաստերը բավարար են որոշում կայացնելու համար: Ոչ պոպուլյար որոշում կայացնելու հետ կապված՝ ասվում է՝ իշխանությունը գնում է ժողովրդի դեմ, բայց պետք է մի բան հասկանալ՝ իշխանությունը չի կարող միշտ կայացնել բոլորի համար ընդունելի որոշումներ: - Արտաքին ազդակներն ինչքանո՞վ որոշիչ կլինեն մեր որոշումների վրա: - Վստահեցնում եմ, եթե պարզեինք կամ պարզենք, որ Սևանին կամ Ջերմուկի ջրերին վտանգ է սպառնում, ոչ մի արտաքին ազդեցություն չի կարող մեզ հետ պահել համապատասխան որոշումից:   Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: