Ամուլսարի ներքաղաքական ազդեցության վիճակագրությունը

Ամուլսարի ներքաղաքական ազդեցության վիճակագրությունը

Ամուլսարի հարցի ներքաղաքական ազդեցությունը թվում է անխուսափելի: Ընդ որում, այստեղ թիրախում դիտարկվում է առավելապես կառավարող ուժը, մասնավորապես այն համատեքստում, թե որքա՞ն վարկանիշային տոկոս կարող է արժենալ հանքի շահագործման որոշումն իշխանության համար: Հասկանալի է, սակայն, որ բանը ամենևին տոկոսային վիճակագրությունը չէ: Ակնառու է, որ Ամուլսարի հարցին ներգրավվել են ոչ միայն բնությամբ և հանրության առողջությամբ մտահոգ խմբեր՝ թեկուզ ոչ միայն զուտ բնապահպանական, այլ նաև քաղաքական սուբյեկտային շերտեր, որոնք ներկայանում են կա՛մ անհատականացված, կա՛մ խմբային ֆորմատներով: Ընդ որում, դրանք տարբեր են և բաղկացած կամ կազմված չեն միայն նախկին իշխանությունից, թեև կարող է լինել կապ՝ անգամ այդ իշխանության հետ արմատական ընդդիմախոսության առկայության պայմաններում, անուղղակի, շրջանցիկ, բայց անխուսափելի փոխազդեցության գործոններով պայմանավորված կապ, ինչպես Ամուլսարի հանքի և ջրային ավազանի փոխազդեցություն-կապը: Կկարողանա՞ նոր իշխանությունը կառավարել այդ ներքաղաքական փոխազդեցությունն այնպիսի արդյունավետությամբ, ինչպիսի կառավարման արդյունավետություն որ ակնկալում է հանքը շահագործող «Լիդիանից»՝ ջրերի կապի կառավարման և վտանգները չեզոքացնելու հարցում: Նիկոլ Փաշինյանն ակնարկել է օպերատիվ տվյալների մասին, որ իր հանձնարարությամբ ձեռք են բերել իրավապահները՝ Ամուլսարի դեմ պայքարին «հարակից» աջակցության մասին, որ ցուցաբերում են հանքարդյունաբերական այլ խոշոր ընկերություններ: Ինչպես հայտնի է, դրանք գործնականում բոլորն էլ այս կամ այն կերպ կապված են նախկին իշխող համակարգի այս կամ այն թևին, երբեմն մինչև Ռուսաստան տարածվող թևի: Ինչ նշանակություն կամ կշիռ ունի այդ գործոնը Ամուլսարի հարցում ձևավորված հանրային դիմադրության ծավալում: Եթե ազդեցությունը մեծ է, ապա դա ոչ թե օգնում է հանրային պայքարին, այլ առերևույթ ուժեղացնելով այն՝ խորքային առումով պայքարը դարձնում է խոցելի: Հատկապես հաշվի առնելով այն, որ պայքարի, այսպես ասած, թիրախը լեգիտիմություն ունեցող կառավարությունն է: Այդ իմաստով, ի դեպ, թերևս անհրաժեշտ է դիտարկել կամ վերադիտարկել դեռևս նախկին իշխանության շրջանում քաղաքացիական պայքարի մի շարք հաջող դրվագների փորձը, որտեղ հաջողության գլխավոր գրավական դիտվում էր այն, որ այդ փորձերը առավելագույնս զերծ էին պահվում քաղաքական «օգտատերերից»: Լիակատար ստերիլությունն անշուշտ բացառելի է, սակայն ամբողջ հարցն այն է, թե որքանով է մաքուր շարժիչը, ընթացիկ քաղաքակա՞նն է դե ֆակտո շարժիչը, թե՞ իսկապես քաղաքացիականը: Որովհետև այստեղ կա խնդրի նաև ռազմավարական կողմը: Ամուլսարի հանքի բուն ճակատագիրը հարցի մի մասն է, և մյուս մասն է ընդհանրապես հանքարդյունաբերության ճակատագիրը Հայաստանում, և այստեղ աներկբա է, որ առկա վիճակը ուղղակի հրամայական է դարձնում բավականին ազդեցիկ, միաժամանակ իհարկե ռացիոնալ հիմքով և հայեցակարգով բնապահպանական շարժման ձևավորումը Հայաստանում, թեկուզ արդեն քաղաքական ֆորմատով, ինչի մասին դատողություններ արդեն հնչում են: