Ամերիկահայերը կոշտ դիրքորոշում ունեն Ամուլսարի հարցում. ՀՀ իշխանության լեգիտիմությունը սպառնալիքի տակ չէ

«Ամուլսարի թեման մշտապես եղել է Միացյալ Նահանգների ուշադրության կենտրոնում և դեսպանության մակարդակով, նույնիսկ ավելի բարձր մակարդակներով մշտապես ասվել է, որ խնդիրը պետք է կարգավորվի այս կամ այն ճանապարհով, որովհետև դա խանգարում է նաև դեպի Հայաստան ամերիկյան ներդրումների հոսքին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ հարցը դիտարկելով արտաքին քաղաքական համատեքստում։ Մեր զրուցակիցը նաև նշեց՝ խոսք էր գնում այն մասին, որ խնդրի չկարգավորված լինելը ամերիկյան ներդրումների համար լուրջ խոչընդոտներ է առաջացնում, որովհետև սա խոշոր ամերիկյան ներդրում է, որն իրականացվել է Հայաստանի Հանրապետությունում: «Ինչևէ, բավականին լուրջ իրավիճակ ունենք, մի կողմում բնապահպանական խնդիրներն են, մյուս կողմում՝ արտաքին ներդրողները, այստեղ իշխանությունները կարծես թե ունեն կայացրած որոշում: Բնական է, որ բնապահպանները, ակտիվիստները պետք է իրենց բողոքի ձայնը բարձրացնեն, այդ թվում՝ իշխանության մեջ ներգրավված անձինք, որոնք Ամուլսարի վերաբերյալ ունեն իրենց անձնական դիրքորոշումը և համաձայն չեն այն տեսակետի հետ, որն այս օրերի ընթացքում քննարկվում է և բարձրաձայնվել է վարչապետի կողմից»: Սարգսյանը չափազանց կարևոր է համարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախատեսված այցը ԱՄՆ: «Չափազանց կարևոր է համայնքի հետ հանդիպումը, համայնքի հետ ուղիղ շփումները, համայնքի խնդիրներին ծանոթանալը: Իրականում մենք մշտապես մեր համայնքին ներկայացնում ենք Հայաստանի պրոբլեմները, բայց հիմա գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ նաև մեր համայնքն ունի խնդիրներ՝ կազմակերպչական, Հայաստանի հետ շփումների հետ կապված խնդիրներ: Այնպես որ, վարչապետի այս այցը բավականին կարևոր եմ համարում»: Խոսելով Ամուլսարի վերաբերյալ ամերիկահայերի դիրքորոշման մասին, Սարգսյանը փաստեց, որ նրանք բավականին կոշտ դիրքորոշում ունեն այս հարցում, նրանք կարծում են, որ հանքը չպետք է գործի:   Առավել մանրամասն՝ տեսանյութում։