Ամուլսարը կարող է նույնիսկ քաղաքական ճգնաժամի վերածվել․ այս խնդրի մեջ շահառուներ կան

Ինչպիսի՞ն կլինի Ամուլսարի հանքի ճակատագիրը վարչապետի նախօրեին ունեցած ելույթից հետո, կբացվե՞ն հանքի ճանապարհները՝ կամովին կամ ուժով, թե՞ այդուհանդերձ ինչ-որ տեղից ի հայտ կգան հանքի վերաբերյալ այն նոր հանգամանքները, որոնց մասին խոսել է Փաշինյանը՝ դրանցով պայմանավորելով շահագործման վերաբերյալ որոշման վերանայումը: Այդ առումով իրադարձությունների զարգացումը հարցերին պատասխան կտա, թերևս, առաջիկա օրերին: Սակայն արդեն իսկ ակնառու է, որ Ամուլսարի հարցը գծեց նոր քաղաքական սահմանգիծ հետհեղափոխական Հայաստանում՝ դառնալով ներքին քաղաքական զարգացումների որոշակի մեկնակետ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին վերլուծաբան Հակոբ Բադալյանը, քաղաքագետ Արմեն Վարդանյանը և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը: Հակոբ Բադալյանն անդրադառնալով հարցին, թե քաղաքական ինչ բարդության խնդիր է Ամուլսարի հարցը իշխանության համար, նշեց, որ շատ են քաղաքական բարդություն ներկայացնող շերտերը՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին. «Մենք տեսնում ենք հասարակության մի ստվար մասի դիմադրությունը, պարզ չէ, թե դա ինչպիսի ձևեր կստանա և արդյոք հարկ կլինի դիմել ուժային միջամտության թե ոչ: Արտաքին ասպարեզում ևս խնդիրներ կարող են առաջանալ՝ կապված դատական վեճերի, երկրի ներդրումային իմիջի հետ և այլն: Այս խնդիրներին պետք չէ մատների արանքով նայել և անուշադրության մատնել… Իհարկե, եթե խոսքը վերաբերի բնապահպանական վտանգին, որը կառավարելի չի լինելու, Հայաստանը, իհարկե, չպետք է ուշադրություն դարձնի այդ արտաքին խնդիրներին, այսինքն՝ դրանք այն գինը չունեն, որ պետք է Հայաստանը վտանգի ենթարկել, բայց եթե ռիսկերը կառավարելի են, անպայման պետք է այդ արտաքին խնդիրներին ուշադրություն դարձնել»: Վերլուծաբանի դիտարկմամբ՝ եթե կան որոշակի պետական պարտավորություններ, թեկուզ նախկինից եկող, և չկան ծանրակշիռ փատարկներ, որոնցով հնարավոր կլինի հրաժարվել, պետք է հաշվի առնվեն բոլոր գործոնները և որոշակիորեն հաշվի նստել նաև միջագային պարտավորությունների հետ. «Սա ամենևին չի նշանակում ենթարկվել ճնշումների»: Հ. Բադալյանը նաև նկատեց, որ Ամուլսարի հետ կապված գործընթացներում ներգրավվել են որոշակի քաղաքական շրջանակներ, որոնց մտահոգության խնդիրն ամենևին էլ Ամուլսարը չէ: Արմեն Վարդանյանը հավելեց, որ Ամուլսարի խնդիրն արդեն վերածվել է քաղաքական օրակարգ, և կան բոլոր նախանշանները, որ այն կարող է քաղաքական ճգնաժամի վերածվել. «Այս կոնֆլիկտի մեջ կան շատ շահագրգիռ կողմեր, որոնք փորձում են կրակից շագանակներ հանել: Նախկին իշխանության ներկայացուցիչները նույնպես ներգրավվել են՝ հասկանալով, որ սա առիթ է իշխանությանը վարկաբեկելու և նրա դեմ ճակատ ստեղծելու համար»: Քաղաքագետի խոսքով՝ Ամուլսարի հարցը այն սովորական խնդիրը չէ, որ կարող է հեշտությամբ լուծվել, կան շրջանակներ, որոնք այս հարցում փոխզիջման չեն գնալու, և դա կարող է բերել քաղաքական ճգնաժամի. «Իշխանության ներսում էլ կան պատգամավորներ, որոնք դեմ են Ամուլսարի շահագործմանը: Այսինքն՝ իշխանության ներսում պառակտման նախանշաններ կան»: Ինչու ստանձնել պարտավորություններ, որոնք չեն բխում Հայաստանի շահերից: Անդրադառնալով այս հարցին՝ Արթուր Հովհաննիսյանն ընդգծեց. «Մենք գալով իշխանության՝ ժառանգել ենք իրավիճակ՝ պայմանագրային պարտավորություններից ելնելով: Մենք գիտակցել ենք, որ Ամուլսարի հարցը կարևոր է և կարող է բերել այսպիսի հետևանքների…»: Պատգամավորի խոսքով՝  որևէ բնապահպան երբեք կողմ չի լինի հանքի շահագործմանը: Ա. Հովհաննիսյանը նաև հավաստիացրեց, որ անգամ հանքի շահագործման դեպքում մոնիթորիգ է իրականացվելու, և եթե ի հայտ կգա նոր ռիսկ և 90 օրվա ընթացքում չի վերացվի, հանքը կփակվի: Մանրամասն՝ տեսանյութում: