Սա օրինական իշխանության դիրքերը թուլացնելու փորձ է, որը չի ստացվելու․ Գուրգեն Արսենյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Միավորված աշխատանքային կուսակցության» նախագահ Գուրգեն Արսենյանը: - Անդրադառնանք ամենաթեժ թեմային, որն այս օրերին հայկական լրատվամիջոցների առաջին էջերից չի իջնում. դա Ամուլսարի թեման է և քաղաքական իշխանության արձագանքն այդ թեմային: Հետևո՞ւմ եք զարգացումներին: - Իհարկե, հետևում եմ և կարծում եմ, որ քաղաքական որոշումը, որը կայացվել է, սթափ որոշում է, այսինքն՝ իշխանությունն արդեն սթափ պատկերացնում է, թե ինչ է իշխանությունը, հասունացման պահն է, երբ որ իշխանությունը գիտի, որ կարող է և պետք է ընդունել նաև ոչ պոպուլյար որոշումներ: Ժամանակին չպետք է թույլտվություն լիներ Ամուլսարի շահագործման համար: Մեր երկրի ներսում գտնվում են որոշակի «քավորներ», որոնք  իրականացնում են նմանատիպ գործարքներ, և նրանց մշտական աշխատանքն է եղել Հայաստանը կամ որևէ բան «բիրիքով» մի տեղ վաճառելը. այստեղից է սկսվել: - Տվյալ դեպքում ոսկի է. կարդյունահանենք, կտեսնենք՝ ինչքան ենք ստանում դրա դիմաց: Պայմանագիրը ՀՀ-ի հետ է: - Հայաստանը չի արդյունահանելու, այլ մասնավոր ընկերություն է արտահանողը: Ընդհանրապես առանց հանքարդյունաբերության հնարավոր չէ կենսագործունեությունը, սակայն պետք է մի քիչ մտածել հետևանքների մասին և տեսնել, թե ՀՀ-ում ինչ դրական և բացասական հաշվեկշիռ կառաջացնի այդպիսի գործունեությունը... Եթե տեխնոգեն աղետ լինի, մենք նահանջելու տեղ չունենք: - Դե մասնագետները հենց այդ մասին են ասում: Հազարավոր տոննաներով ցիանիդի առկայությունը առողջարանների կողքին, դա ինչքանո՞վ է տեղին: - Ես բնապահպան չեմ, որպես քաղաքական համոզմունք ունեցող անձ՝ ես ժամանակին այդպիսի թույլտվություն չէի տա: Սակայն ՀՀ իշխանությունները պարտավոր են հետամուտ լինել պետության ստանձնած պարտավորություններին. դա հասունության վկայական է: - Այսինքն՝ իշխանությունը չէ՞ր կարող չթույլատրել հանքի շահագործումը՝ հաշվի առնելով բնապահպանական ռիսկերը: - Կարծում եմ՝ կառավարության ղեկավարը, կառավարության ֆունկցիոներները ցուցաբերել են ռեալության զգացողություն: Ռեալության առումով ողջունում եմ, բայց կարծում եմ, որ սա սխալ որոշումներից մեկն էր: - Արտաքին ճնշո՞ւմ է եղել: - Չեմ կարծում, որ արտաքին ճնշում է եղել, բայց իրենք կարողացել են գնահատել հետագա ռիսկերը: Սա երկրում օրինական իշխանության դրսևորում է, օրինական իշխանությունը կարող է նաև սխալվել և կայացնել այնպիսի որոշում, որի պատճառով հետագայում բնակիչը նրա օգտին չի քվեարկի: - Իշխանության օրինական որոշում նախկինում թույլ տրված անօրինականության նկատմա՞մբ: - Այո՛: Իշխանությունը ստանձնեց պատասխանատվություն մի որոշման համար, որը կայացվել է ՀՀ-ի անունից, այսինքն՝ քողարկված նաև ապացուցեց, որ ինքն իշխանության իրավահաջորդն է: - Բայց չէ՞ որ իշխանությունը խոստացել էր հրաժարվել անօրինականություններից: - Սա անօրինականություն չէ. իշխանության կողմից այս պահին կայացրած որոշումն անօրինականություն չէ: - 28 մետաղական հանք. Հայաստանն այսպես գիշատչորեն շահագործելն անօրինականություն չէ՞: - Բայց հիմա խոսքը մի մետաղական հանքի մասին է, որը դեռ չի շահագործվում, ինչո՞ւ մյուսների մասին չի խոսվում, չգիտես ինչու՝ օրակարգում մյուս հանքերի հարցը չկա: - Եղածն էլ է վտանգավոր, ինչո՞ւ ենք ևս մեկն ավելացնում: - Թույլտվության խնդիրն էր երևի: Կարծում եմ՝ կա նաև ներքին քողարկված լոբբինգ, որը հնարավոր է նաև գտնվում է կառավարության որոշ օղակներում և հասավ այս արդյունքին: Կոռուպցիայի էլեմենտը ես բացառում եմ, Հայաստանի քաղաքական բարձրագույն իշխանությունն իր պարտականությունները և իրավասությունները կատարում է առանց կոռուպցիոն գործոնի մասնակցության: - Հարգելի՛ Արսենյան, կարո՞ղ եք ասել, Հայաստանում նախկինում հանքերն ինչպես են տրամադրվել: - Այդ մասին հետևություններ անելու համար պետք է պարզապես հանքերի տրամադրման ժամանակ ՀՀ-ում պաշտոնատար անձանց և այդ հանքերի սեփականատերերի ազգանունների վիճակագրությունը նայել, և կտեսնենք, որ որևէ հանք որևէ պատահական մարդու չի տրամադրվել, բոլոր հանքերը բաշխվել են իշխանության ներկայացուցիչների միջև՝ որպես ավար, փայ են տվել կատարած ծառայությունների դիմաց: - Եթե անգամ այդպես է, ապա ինչո՞ւ նրանից, ում բաշխվել է հանքը, չպահանջել պահպանել բնապահպանական նորմերը: - Դա այլ հարց է. բնապահպանական նորմերի պահպանությունը բերում է ինքնարժեքի ավելացման և շահույթների նվազման, իսկ ավարի դեպքում շահութաբերությունը շատ կարևոր է... Ասեմ նաև, որ Նիկոլ Փաշինյանի շուրթերից հնչեց այն մասին, որ համապատասխան ծառայությունները ունեն տեղեկատվություն, որ այլ հանքատերերի կողմից ֆինանսավորվում է Ամուլսարի շահագործման դեմ պայքարը: Ես կցանկանայի, որ դա ընդամենը հայտարարություն չլիներ, այլ վերածվեր գործողությունների, և մենք տեսնեինք, որ երկրում գործում են խմբավորումներ, որոնք ֆինանսավորվում են ծպտյալ շահառուների կողմից, և նրանք պատասխան տան իրենց այդ գործունեության համար: - Ինչու մեր երկրում չգիտենք, թե ով է հանքարդյունահանողը կամ հանքի սեփականատերը, բայց ներկրողներին գիտենք, թե ովքեր են: - Անհրաժեշտ է օրենսդրական փոփոխություն կամ օրենսդրական ակտ, որը հանքի սեփականատերերին կստիպի պարտադիր կարգով ներկայացնել իրենց ով լինելը: ՀՀ հատուկ ծառայությունները կարող են իմանալ, թե ովքեր են հանքերի սեփականատերերը, թող մի անգամ էլ բավարարեն հասարակության հետաքրքրասիրությունը, ինչ է եղել: - Ամուլսարի թեման կարո՞ղ է քաղաքական օրակարգի վերածվել: - Ո՛չ... Ամուլսարի նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է նաև նրանով, որ որոշակի խմբեր կան, որոնք ներկայացնում են նախկին իշխանությունների շահերը, և նրանք վերամբարձ խոսքերով այլ նպատակներ են հետապնդում, օգտվելով առիթից՝ հասարակության ուշադրությունը փորձում են շեղել նրանից, որ մենք ունենք օրինական իշխանություն: Սա օրինական իշխանության դիրքերն ու հիմքերը թուլացնելու էական փորձ է, որը չի ստացվելու:   Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: