Ուշքի եկեք․ Ամուլսարը կարող է դառնալ փորձաքար Նիկոլ Փաշինյանի համար

«Ես դեմ եմ Ամուլսարի շահագործմանը: Երեկ շատ ուշադիր լսեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ ուղղված ժողովրդին, այնտեղ շատ բան լսեցի, բայց չլսեցի, թե այդ ամենից ինչ է շահում ՀՀ քաղաքացին: Ինչ-որ վտանգներ չեզոքացնում են, որոշները հասցնում են նվազագույնի, բայց ուզում եմ հասկանալ՝ դա մեզ որպես շնո՞րհ է արվում. առողջ, անվտանգ ապրելու իրավունք ունի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի: Այդ հանքի շահագործումից, երբ շատերի խոսքով՝ մեր երկրի կեսը վտանգի գոտում է հայտնվում, ի՞նչ է շահում ՀՀ քաղաքացին. այդ հարցի պատասխանը չգտա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց գրող, հրապարակախոս Կարինե Խոդիկյանը: Մեր զրուցակիցը նաև հավելեց, որ ուսումնասիրելով մասնագետների, փորձագետների կարծիքները՝ հանգել է ոչ հաճելի եզրակացության. «Ի սկզբանե «Լիդիանի» մուտքը Հայաստան եղել է շատ կասկածելի, եթե ասեմ, որ կոռուպցիոն ռիսկեր են եղել, չեմ սխալվի, քանի որ պայմանագիրը ստորագրվել է 2016-ին, իսկ մենք գիտենք, թե այն ժամանակ ցանկացած պայմանագիր ինչպես է կնքվել, ցանկացած գործարք ինչպես է արվել:  Երեկ լսում էի ամերիկահայ գործարարի, որն ասում էր՝ ամեն պաշտոնավոր հարցնում էր՝ իսկ իմ փայն ինչքա՞ն է: Օֆշորում գրանցված որևէ կազմակերպություն չի կարող պետության հետ դատական գործընթացի մեջ մտնել... Հակափաստարկներ շատ կան...  Եվ ո՞վ է հաշվարկել այդ 700 միլիոնը: Այսքան տարի, որ 7 միլիարդ պարտքը վզներիս է, մեզ ինչո՞վ եք վախեցնում, 700 միլիոնո՞վ: Դրա դիմաց մեր երկրի անվտանգությունն է... Հաշվարկե՞լ եք արդյոք, թե հանքի շահագործման հետևանքով ինչ հիվանդություններ են առաջանալու, և դո՞ւք եք արդյոք բուժելու, գիտե՞ք՝ ինչ բան է քաղցկեղը...»: «Ես ուզում եմ իմ աջակցությունը հայտնել Նիկոլ Փաշինյանին, ով անցած տարի իրականացրեց թավշյա հեղափոխությունը, ես գիտեմ՝ նրա վիճակը շատ ծանր է, ճնշումներն ամեն կողմից են, բայց ուզում եմ հիշեցնել՝ Ամուլսարը կարող է դառնալ փորձաքար: Պարո՛ն վարչապետ, երկրիդ կեսը եթե վտանգի գոտում է հայտնվում, և եթե հատկապես Ջերմուկի կողքին նման հրեշ ենք թողնում, որ աշխատի, տուրիստն ո՞ւր է գալու: Ջերմուկցիները, և ոչ միայն նրանք, սպասում են ձեր խոսքին»: Կարինե Խոդիկյանի կարծիքով՝ խնդրի լուծման համար անհրաժեշտ է կազմակերպել համահայկական հանրաքվե: «Մեր հավաքական կամքը պետք է որոշի մեր երկրի ճակատագիրը»,- ընդգծեց մեր զրուցակիցը: Մանրամասն՝ տեսանյութում: