Մի՞թե արժեր հանուն Ամուլսարի այսպիսի զոհաբերության գնալ․ «Կարճ կապենք»

Նիկոլ Փաշինյանն ինքն իր ոտքերի տակ ական տեղադրեց: Ամուլսարի հիմնախնդիրը, կարծես թե, յուրօրինակ սահմանագծի կարգավիճակ է ստացել։ Երեկ վարչապետ Փաշինյանն ի վերջո անցավ այդ սահմանագիծը՝ անցյալում թողնելով հեղափոխական պատրանքներն ու հանրային ակնկալիքները։ Այսպիսով Նիկոլ Փաշինյանի կառավարումը պայմանականորեն կարելի է բաժանել երկու շրջափուլի՝ մինչև Ամուլսարի հանքի մասին դիրքորոշում հայտնելն ու դրանից հետո։  Հետաքրքրականն այն է, որ վարչապետը հանուն այդ հիմնախնդրի հսկայական զոհաբերության գնաց՝ խաղասեղանին դնելով իր քաղաքական կապիտալն ու հանրային վստահությունը։ Նույնիսկ բազմաթիվ սխալների առկայությամբ նախկինում նա շարունակում էր պահպանել հեղափոխական խորհրդանիշի իր կարգավիճակը, ինչը նրան որոշակի անձեռնմխելիության կարգավիճակ էր շնորհում։ Իսկ հիմա կարգավիճակն այդ մասամբ կարելի է մսխված համարել և Փաշինյանն այլևս սովորական կառավարիչ է, որին քաղաքացիները թիրախավորելու են այն նույն տրամաբանությամբ, ինչ նախկիններին։  Ասվածի համատեքստում տրամաբանական հարց է առաջանում․ մի՞թե արժեր հանուն Ամուլսարի այսպիսի զոհաբերության գնալ։ Մի՞թե կարելի էր այդքան շուտ մսխել քաղաքական կապիտալն ու վստահությունը։  Ահա վարչապետի այդ զոհաբերության հետևանքով Հայաստանի հարավում մի մեծ քաղցկեղ է ստեղծվելու, որը ոչ միայն խաթարելու է հանրային համերաշխությունը, այլ նաև բնապահպանական խոշոր խնդիրների պատճառ է դառնալու: