Պատմաբանները դասագրքերում վերջին շրջանի ընդգրկումը ընդունելի են համարում պոզիտիվ շարադրանքով

Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն ու պատմաբան, դասագրքերի հեղինակ Էդիկ Գրիգորյանը ընդունելի են համարում հայոց պատմության դպրոցական դասագրքերում վերջին 25-30 տարվա ընդգրկումը` պոզիտիվ շարադրանքով և առանց մեկնաբանության: Այս մասին պատմաբանները հայտնեցին օգոստոսի 20-ին հրավիրված մամուլի ասուլիսում: «Նորագույն ժամանակաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները պոզիտիվ շարադրանքով պետք է մատուցել մեր սովորող աշակերտներին»,- ասաց Գրիգորյանը: Աշոտ Մելքոնյանը նշեց, որ պոզիտիվ շարադրանքն անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ առանց քաղաքական գնահատականների տեղյակ լինեն, թե ինչ է տեղի ունեցել: «Հոկտեմբերի 27-ի, այնուհետև բոլոր ընտրությունների ընթացքում, որոնք տեղի են ունեցել այս վերջին տասնամյակներիн, այդ թվում նաև մարտի 1-ի հետ կապված բոլոր իրադարձությունները պոզիտիվ շարադրանքի տարբերակով պետք է ներառվեն դպրոցական դասագրքեր, որպեսզի մարդիկ իմանան, թե ինչ է տեղի ունեցել` առանց գնահատականների»,- նշեց Մելքոնյանը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը նշեց, որ իրենց նախաձեռնությամբ ձևավորվել է 6 պատմաբաններից կազմված աշխատանքային խումբ և հանձնարարվել է ուսումնասիրել 9-րդ դասարանի Հայոց պատմության դասագիրքн ու տեսակետ ներկայացնել: