Եթե Փաշինյանը չի զսպում ոստիկանությանը, ուրեմն պատահական չէր, որ այդ կառույցը մնաց նրա ենթակայության տակ

Բաղրամյան պողոտայում Ամուլսարի շահագործման դեմ և իրենց էկոլոգիական իրավունքների համար պայքարող ցուցարարների նկատմամբ ոստիկանության անհամաչափ ուժի կիրառման վերաբերյալ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Ես կասեի՝ ամենաքաղաքակիրթ, ինտելեկտուալ ցույց իրականացնող քաղաքացիների նկատմամբ է ուժ կիրառվել: Այդ մարդիկ, կարգը պահպանելով, պայքարում են, որովհետև դրա իրավունքը ունեն»: Իրավապաշտպանը նշեց, որ իր համար անսպասելի էր հեղափոխությունից հետո տեղի ունեցածը. «Այդ ոստիկանները ուղղակի կարոտ են բռնության. ես այդպիսի տպավորություն ստացա: Նրանց համար ցուցարարների հետ շփվելու ձևը, մեթոդը դա է»: Ինչ վերաբերում է այգու մուտքը փակելուն, Ժաննա Ալեքսանյանն ասաց. «Ձեզ լինի ձեր այգին. ոչ ոք ձեզ չէր խնդրել բացեիք, որ հիմա ընտրողաբար ներս թողնեք: Ինչն էր պատճառը, որ այդ այգին հանկարծ զապրետնի զոնա դարձավ ցուցարարների համար: Շատ ամոթ է, և ես երբեք չէի մտածում, որ առիթ կունենանք նման բաների մասին խոսելու»: Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ կառավարության պարտությունն ակնհայտ է, թեկուզ ցուցարարների վարքագծի առումով. «Քանի որ Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չզսպեց ոստիկանությանը, ուրեմն պատահական չէր, որ նա ոստիկանությանը պահեց կառավարության վերահսկողության ներքո»: «1,5 տարվա ընթացքում շատ չնչին բան է փոխվել ոստիկանության համակարգում, իսկ նման դրվագների մասով, ցավոք, ոչինչ չի փոխվել»,- հավելեց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը: Նրա խոսքով՝ ոստիկանությունում շարունակում են պաշտոնավարել բազմաթիվ հանցագործներ: «Մենք երեկվա դեպքերի վերաբերյալ Օսիպյանից պահանջում ենք հստակ հրապարակային բացատրություն և հաշվետվություն, թե ով է այդ այլանդակությունների համար պատասխանատվության ենթարկվելու: Իսկ եթե պարզվի, որ Օսիպյանը հաշվետու է միայն վարչապետին, այդ ժամանակ լուրջ դիրքային փոփոխություններ են տեղի ունենալու հանրային ընկալումների մեջ: Այդ ժամանակ իրենց մաշկի և ուղեղի վրա կզգան, թե ինչ բան է օրենքով հալածանքը. առանց օրինազանցության հալածելու ենք՝ մինչև Օսիպյանն ինքը փախնի իր աշխատասենյակից»:   Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: