Ֆուտբոլ ենք ուզում. Վերելքի փուլի խայտառակ կողմը…

Ֆուտբոլ ենք ուզում. Վերելքի փուլի խայտառակ կողմը…

Հայկական ֆուտբոլային ակումբների վերջին տպավորիչ հաղթանակները ոգևորության մեծ ալիք են բարձրացրել մեր երկրում: Եթե տարիներ առաջ եվրագավաթներում մեր թիմերի մասնակցությամբ հանդիպումներն ընթանում էին կիսադատարկ տրիբունաների պայմաններում, ապա այսօր խաղերից մի քանի օր առաջ տոմսարկղերի մոտ հերթեր են գոյանում: Հայկական ֆուտբոլի վերելքն այլևս իրողություն է, բայց... Ոգևորությանը զուգընթաց՝ մենք կանգնած ենք մի խնդրի առաջ, որը ոչ միայն նյարդայնացնող է, այլև ամոթալի: Այսօր հայ երկրպագույն հնարավորություն չունի հեռուստատեսությամբ հետևելու մեր թիմերի արտագնա ելույթներին: «Արարատ-Արմենիայի», «Փյունիկի» (բացառությամբ «Վուլվերհեմփթոնի» հետ խաղի), «Ալաշկերտի»՝ մրցակցի հարկի տակ փայլուն հաղթանակները ստիպված ենք եղել դիտել միայն ինտերնետային հեռարձակմամբ: Օրեր առաջ համացանցում հայտնվել էր լուսանկար, որում ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը «Սաբուրթալո»-«Արարատ-Արմենիա» խաղը դիտում էր հեռախոսով: Ֆուտբոլային կարևորագույն հանդիպումները չհեռարձակելը բնականաբար բողոքի լայն ալիք է բարձրացրել երկրպագուների շրջանում: Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումները հեռարձակում է «Արմենիա» հեռուստաընկերությունը, որը հասանելի չէ հազարավոր մեր հայրենակիցներին, իսկ եվրագավաթների հանդիպումները ընդհանրապես չեն ցուցադրվում: Փոխարենը նույն Հանրային հեռուստաընկերությունը հեռարձակում է, ասենք, կանանց կամ 20 տարեկանների աշխարհի առաջնության հանդիպումները: Հանդիպումներ, որոնք, մեղմ ասած, մեծ լսարան չունեն և ոչ բոլորին են հետաքրքիր: Բնական է, որ խաղերը չցուցադրելը ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, որոնց մասին այս պահին չենք ցանկանում խոսել: Երկրպագուին քիչ է հետաքրքրում այն, որ մեր թիմերից մեկի խաղերի ցուցադրման իրավունքը պատկանում է, ասենք, գերմանական մի ընկերության, որը հեռարձակման շուրջ լեզու չի գտնում Հանրային հեռուստաընկերության կամ որևէ այլ հեռուստաալիքի հետ: Գոյություն ունեն կարևոր հանդիպումներ, որոնք պետք է հասանելի լինեն հնարավորինս լայն զանգվածի: Որքանո՞վ է նորմալ, որ «Արմենիա» հեռուստաալիք չունեցող մարդիկ ստիպված լինեն կեսգիշերին հյուր գնալ, որպեսզի դիտեն Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումները: Գյուղական շատ համայնքներում ՀՀ հազարավոր քաղաքացիներ հնարավորություն չունեն ինտերնետի միջոցով խաղեր դիտելու: Ֆուտբոլի զարգացման գլխավոր նախապայմաններից մեկը մարզաձևի մասսայականացումն է, որի բաղադրիչներից է նաև կարևոր հանդիպումներ դիտելու հասանելիությունը: Հազարավոր երկրպագուների անունից դիմում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, ակումբների ղեկավարներին, հեռուստաընկերություններին՝ խնդիրը հնարավորինս արագ կարգավորելու պահանջով: Ժամանակին, երբ մերոնք շարունակ պարտվում էին, երկրպագուները մարզադաշտերում վանկարկում էին՝ «ֆուտբոլ ենք ուզում»: Այսօր կարծես ունենք ֆուտբոլ, բայց «ֆուտբոլ ենք ուզում» թեզը շարունակում է մնալ օրակարգային: Առջևում «Արարատ-Արմենիայի» պատմական հանդիպումներն են Եվրոպա լիգայի փլեյ-օֆում: Հուսով ենք, որ Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժի» հետ պատասխան հանդիպումը ֆուտբոլասերը հնարավորություն կունենա դիտելու հեռուստատեսությամբ: Մի՛ զրկեք հասարակությանը ցնծության րոպեները վայելելու հաճույքից: Մենք ապրում ենք 21-րդ դարում, և նման երևույթներն իսկապես ամոթալի են: